«Երբ իմացա, որ Ռայմոնդ Գևորգյանն է ընտրվել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում՝ ծիծաղս չկարողացա զսպել»․ Հայկ Դեմոյան
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից մեկ ժամ անց հիմնադրամ ժամանեց Հայկ Դեմոյանը, ով հայտարարեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է, և ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմվի հաջորդ գիտխորհուրդը։
Նա նշեց, որ նոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը պետք է պարտադիր տեղափոխվի տնօրենի աշխատասենյակ, քանի որ դա իր աշխատասենյակն է:
Ինչ վերաբերում է ծառայողական մեքնայից օգտվելու մեղադրանքներին, նա ասաց, որ երկու անգամ է օգտվել, այն էլ՝ թանգարանի կարիքների համար․ թանգարանի համար գրքեր են բերել, որից հետո կապվել է Կրթության և գիտության նախարարարության Իրավաբանական վարչության պետի հետ և խնդրել պարզաբանել, թե ինչ կարող են անել ծառայողական մեքենայի հետ, որն էլ, Դեմոյանի խոսքով՝ խորհուրդ է տվել ավելորդ բարդություններից խուսափելու համար այն կայանել թանգարան մուտքի տարածքում:
Դեմոյանն ասաց, որ իր գործունեությունը տեսնում էր հոգաբարձուների խորհրդի կազմում, բայց նախարարությունը նոր ցանկ է կազմել։ «Անհասկանալի մարդիկ են, եթե չասեմ, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր խոչընդոտել, վարկաբեկել են թանգարանի գործունեությունը՝ Աշոտ Մելքոնյան, Ռայմոնդ Գևորգյան»,- ասաց նա՝ ընդգծելով՝ երբ իմացել է, որ Ռայմոնդ Գևորգյանն է ընտրվել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում՝ իր ծիծաղը չի կարողացել զսպել, քանի որ երկու տարի շարունակ նա Փարիզի ցուցադրությունը խափանում էր:
Իսկ Նարինե Մարգարյանի նշանակման վերաբերյալ նա ասաց, որ ուրախ է, և պետք է նրան օգտակար լինել, որ սահուն անցնի այս աշխատանքը: