Բաժիններ՝

«Այդ նամակն իմ էմոցիոնալ արձագանքն էր այն քամահրանքին, արհամարհական վերաբերմունքին, որին ես արժանացա»․ Հայկ Դեմոյանը խոսեց

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ ընտրվեցին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հոգաբարձուների խորհրդի նախագահն ու քարտուղարը։ Նիստից մոտ մեկ ժամ անց թանգարան-ինստիտուտ ժամանեց Հայկ Դեմոյանը, ով հայտարարեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է, և ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմի հաջորդ գիտխորհուրդը։

Դեմոյանը նշեց, որ եկել է իր աշխատասենյակից իրերը վերցնելու։ «Քանի որ նոր ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել, նա պետք է տեղափոխվի այս աշխատասենյակ։ Իսկ մինչ այդ ԺՊ-ն բացակայում էր, և ես սա որպես աշխատասենյակ եմ օգտագործել»։

Հայկ Դեմոյանն ասաց, որ չի մասնակցելու տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին։ «Իմ միակ ցանկությունը վերադարձից հետո եղել է՝ օրինականության դաշտում թանգարան-ինստիտուտից հեռանալս ձևակերպելը։ Ես հայտարարել եմ, որ չեմ շարունակում տնօրենի պաշտոնին հավակնել, որովհետև այլ մարդիկ պետք է շարունակեն։ Հիմա ԿԳՆ-ի այս վախը չեմ հասկանում»,- ասաց Դեմոյանը՝ ընդգծելով, որ ԿԳ նախարարի տեղակալի հետ ցանկացել է հանդիպել, որպեսզի հստակեցնեն, թե ինչպե՞ս են ապահովելու օրինական ճանապարհով իր հեռանալը,  որովհետև, Դեմոյանի խոսքով՝ այդտեղ իրավական լուրջ խնդիրներ կան։

«Օրինակ՝ երբ անցյալ տարի իմ լիազորություններն ավարտվել էին, ԳԱԱ-ի կողմից պաշտոնապես հայտարարվել է մրցույթ, քանի որ ակադեմիան կրկին խարդավանքների էր դիմել, որպեսզի թանգարանը գրավեր, ես ստիպված նորից դրեցի իմ թեկնածությունը։ Այդ մրցույթը չի կայացել՝ առանց որևէ հիմքի, ինչն անօրինականություն է։ Գոնե իմ պահով դա իմ իրավունքների խախտումն է։

Կարդացեք նաև

Ես ձևակերպումը դրեցի իրավունքների խախտում՝ ԿԳՆ իրավաբանական վարչության պետի խոսքերից ելնելով։ Նախարարը երևի տեղյակ չէ՝ իր պետն ինչ է ձևակերպել։ Ես ուղղակի ուզում էի խոսել, հանդիպել, 5 րոպե էր պետք, որ խոսեինք, հարցը հարթեինք և լուծեինք իմ՝ իրավական ճանապարհով դուրս գալը, որովհետև դա իմ ցանկությունն է եղել, ոչ ոք ինձ աշխատանքից չի հեռացրել»։

168․am-ը Հայկ Դեմոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքերով է մեղադրանքներ հնչեցրել ՀՀ ԿԳ նախարարի և փոխնախարարի հասցեին, ունի՞ ապացույցներ, քանի որ այսօր ԿԳ փոխնախարարը հայտարարեց, թե Դեմոյանի հնչեցրած մեղադրանքներն զգայական են եղել և նա գուցե զղջում է։

«Երբ մեկ ամսվա ընթացքում քաղաքացի Հայկ Դեմոյանը դեռ Բոստոնից, գործուղման մեջ գտնվելու ընթացքում, փորձում է կապվել նախարարի, նախարարի տեղակալի հետ, որպեսզի այդ 5 րոպեանոց հանդիպումը կայանա, որպեսզի ես ճշտեմ իմ կարգավիճակը, չէ՞ որ ես գործուղումով եմ մեկնել, հրամանը կա։ Երկու իրավական լուրջ խնդիր կա այստեղ՝ մեկը մրցույթը չի կայացել, դա անօրինական է, որովհետև չի ծանուցվել, թե ինչու չի կայացել, իմ իրավունքները խախտվել են, երկրորդ, ակադեմիայի կողմից ես որպես գործուղման մեջ գտնող անձ եմ եղել։ Հիմա գործուղման մեջ եմ եղել, կարգավիճակ է փոխվել, իմ կարգավիճակը ո՞րն է, եղբայրներ, մի հատ ասեք, էլի։ Իրավական առումով սխալ է ձևակերպումը, որ ես աշխատակից չեմ»,- ի պատասխան՝ ասաց նա։

Շարունակելով մեր հարցի պատասխանը՝ Դեմոյանն ասաց, որ իր նամակն էմոցիոնալ էր․ «Իմ նամակն էմոցիոնալ էր, բայց իմ էմոցիոնալ պոռթկումը վերոնշյալի հիման վրա էր։ Դա միայն իմ էմոցիոնալ արձագանքն էր այն քամահրանքին, արհամարհական վերաբերմունքին, որին ես արժանացա։ Նախարարն իր բերանով ասաց, չէ՞՝ Դեմոյանն ո՞վ է, որ ես ժամանակ տրամադրեմ։ Երբ ես զանգահարում էի, փորձու էի կապվել, տեղեկանքներ էի գրում, որ լուրջ անվտանգության խնդիր կա, քանի որ ԺՊ-ն տեղում չէ, փոխտնօրենը տեղում չէ, ֆոնդապահը տեղում չէ, ես կարո՞ղ է գնայի՝ թախտին նստեի և սպասեի, թե այստեղ ինչ արտակարգ իրավիճակներ կլինեին»։

Դեմոյանը հայտարարեց, որ չի պատրաստվում դիմել դատարան, որովհետև մեծ խնդիրներ են առաջանալու․ «Ինձ համար թանգարանի կարգավիճակն ավելի կարևոր է, քան իմ անձնական հարցերը։ Ես շատ լավ գիտեմ, որ իրավական առումով ես իրավունք ունեմ իմ իրավունքները վերականգնել, դա չեն հասկանում ԿԳՆ-ում»։

Ինչ վերաբերոմ է իր գրառման մեջ ակնարկած նախարարի և փոխնախարարի հովանավորյալին, ապա նա բացահայտեց, որ այդ հովանավորյալը Սուրեն Մանուկյանն է, ում հետ նրանք ունեցել են ֆեյսբուքային գրառում և նշեց, որ ունի վիդիո-ձայնագրություններ, տեսա-ձայնագրություններ:

Նա նշեց, որ մինչ իր հայտնի գրառումը հինգ անձի միջոցով փորձել է խուսափել բախումներից և հակամարտություններից: Նա համաձայնեց, որ կամուրջներն այրված չեն, պատրաստ է հանդիպել:

Նրա խոսքով՝ երկու տարբերակ կա, որոնցից մեկը հետևյալն է. «Գնում ենք խորը հակամարտության և բացահայտումները լուրջ ճգնաժամ է ստեղծելու, որովհետև այն փաստերը, որ ես հրապարակեմ, ուղղակի ավերվածություններ կլինի այս տարածքում զուտ բարոյական դաշտում, բայց դա իմ ցանկությունը չէ, ես չեմ ուզում խանգարել թանգարանի բնականոն գործընթացին, չեմ ուզում վարկաբեկել Ծիծեռնակաբերդը, բայց միաժամանակ չեմ կարող հանդուրժել երբ արհամարհում և մեկուսացնում են ինձ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս