«Գալիս է մի պահ, որ լռում են դիվանագետները, սկսում են խոսել թնդանոթները». Արման Նավասարդյան
«Հարաբերություններն իրոք սրվել են, բայց մեկ տարուց ավելի է, որ հանգիստ չէ իրավիճակը, տեղի են ունենում լուրջ խորքային գործողություններ, միլիտարիզացիա, խախտվում են բոլոր պայմանագրերը և պայմանավորվածությունները»,- այսօր այս մասին ասաց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ։
Նա նշեց, որ ինքը չի կարող ասել, թե պետք է հրաժարվել դիվանագիտական միջոցներից. «Բայց անգամ դիվանագիտության պրակտիկայում գալիս է մի պահ, որ լռում են դիվանագետները, սկսում են խոսել թնդանոթները։ Այն, ինչ եղավ՝ հակառակ պատասխանը և ռազմական գործողությունը, ես ողջունում եմ, որովհետև մենք գործ ունենք մի ֆիգուրանտի հետ, որը չի ուզում այլ կերպ հասկանալ դիմացինին, քան ուժի դիրքերից ելնող քաղաքականության դեպքում։ Իհարկե, պետք է հնարավորինս անել, որ մեծ պատերազմական գործողություններ չլինեն»։
Ա. Նավասարդյանը կարծում է՝ կլինեն լոկալ բախումներ, փոխհրաձգումներ. «Բայց մեծ, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ ես բացառում եմ, որովհետև դա կախված չէ միայն Ադրբեջանից և Հայաստանից, այլև՝ աշխարհաքաղաքական ուժերից»։