Ճապոնիայում շոգի պատճառով յոթ օրում ավելի քան 3,4 հազար մարդ է հոսպիտալացվել, երեքը՝ մահացել
Ճապոնիայում սաստիկ շոգի պատճառով առնվազն երեք մարդ զոհվել, ավելի քան 3,4 հազարը ջերմահարվածով հոսպիտալացվել է հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Հուլիսի 2-ին այս մասին հաղորդել Է Ճապոնիայի Գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները:
Ընդհանուր առմամբ մեկ շաբաթում երկրում հոսպիտալացվել է 3 473 մարդ, ինչը 5,2 անգամ ավելի է քան հունիսի 18-ից մինչեւ 25-ն ընկած ժամանակահատվածում: Անցյալ շաբաթ ջերմաչափերի սլաքները վստահորեն մնացել են Ցելսիուսի 30 աստիճանի նշագծից բարձր:
2017 թվականին շոգի պատճառով երկրում զոհվել է 44 մարդ, տասնյակ հազարավորներ հայտնվել են հիվանդնոցներում: Իշխանությունները մարդկանց կոչ են անում հնարավորինս ավելի շատ հեղուկներ գործածել, ծածկել գլխարկներ եւ ջանալ շատ ժամանակ չլինել արեւի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: