Հայաստանը կարող է ստանալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի օգնությունը
Նոր Հայաստանն արժանի է ԱՄՆ-ի ամենալայն աջակցությանը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը: Նրա խոսքով՝ կոնգրեսականների եւ գործադիր իշխանությունների մակարդակով քննարկումներ են անցկացնում Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան պետական կորպորացիայի կողմից խոշոր օգնություն տրամադրելու վերաբերյալ:
«Դա բարդ գործընթաց է, հեշտ չի լինելու այդ խոշոր օգնության վավերացումը ստանալ, սակայն, ես զգույշ լավատեսությամբ եմ լցված»,- ասել է նա:
«Հազարամյակի մարտահրավեր»-ի հաստատման դեպքում Հայաստանին կարող է տրվել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն:
Կոնգրեսականի խոսքով՝ իր լավատեսության աղբյուրը նոր Հայաստանն է:
«Սկզբում ես մտահոգ էի, անհանգստանում էի, որ այդ իրադարձությունները Հայաստանը հետ կմղեն, որ կարող է արյունահեղություն լինել: Հետո տեսա, թե իրականում ինչ է կատարվում, եւ դա կարծես հրաշք լիներ. մեկ քար չի նետվել, մեկ ատրճանակ չի կրակել: Այդ հեղափոխությունը կարծես տոնակատարություն լիներ: Երբ փոքր երեխաներն իրենց խաղալիքներով փակում էին փողոցները, այդ ամենն ուղղակի անհավատալի դրական զգացմունքներ էր արթնացնում»,- նկատել է Ջեքի Կանչելյան-Սպիրը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որ Հայաստանը ծաղկի եւ բարգավաճի: Տեխնոլոգիաների առաջատար Սան Ֆրանցիսկոն ներկայացնող կոնգրեսականն ասել է, որ ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին ինքնուրույն ապահովել սեփական էներգետիկ կարիքները, նոր աշխատատեղեր ստեղծել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները:
«Գուցե մենք կարող ենք ուղարկել Իլոն Մասկին, ով Հայաստանում արեգակնային էներգիան կզարգացնի եւ վերջ կդնի երկրի կախվածությանը արտերկրի էներգակիրներից: Գուցե, կարող ենք ուղարկել Մարկ Զաքերբերգին, ով կօգնի զարգացնել բարձր տեխնոլոգիաները: Հայաստանի տաղանդավոր երիտասարդները կարող են երկիրը համաշխարհային տեխնոլոգիաների կենտրոնի վերածել, եթե նրանց տրվեն այդ միջոցները»,- նշել է նա:
Առաջիկա ամիսներին Ջեքի Կանչելյան-Սպիրը նախատեսում է Հայաստան բերել Միացյալ Նահանգների կոնգրեսականների եւս մի խումբ՝ ԱՄՆ-ի օրենսդիրներին Հայաստանը ներկայացնելու եւ անձամբ ծանոթանալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Դա անչափ կարեւոր այց է լինելու: Ես ցանկանում եմ մեր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի նոր կառավարությանն ու նոր վարչապետին»,- նկատել է կոնգրեսականը: