ԵՄ հետ համաձայնագիրը նպաստավոր միջավայր է ստեղծելու ՀՀ- Լեհաստան հարաբերությունների զարգացման համար. դեսպան Ղազարյան
ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի վավերացումն ինչպես Լեհաստանի Սեյմում, այնպես էլ Սենատում տեղի է ունեցել կատարյալ համերաշխության և միասնության մթնոլորտում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
-Պարոն դեսպան, ընթացիկ տարվա հունիսի 7-ին Լեհաստանի Սեյմը, իսկ հունիսի 29-ին Սենատը վավերացրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ ևընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Ի՞նչ հետագա գործընթացներ են սպասվում այդ առումով։
-Նախ` ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք, որ համաձայնագրի վավերացումն ինչպես Լեհաստանի Սեյմում, այնպես էլ Սենատում տեղի է ունեցել կատարյալ համերաշխության և միասնության մթնոլորտում։ Մասնավորապես, Սեյմում բանաձևի օգտին քվեարկել են 429 պատգամավորներ (0 դեմ, 1 ձեռնպահ), իսկ Սենատում՝ այն ընդունվել է միաձայն՝ 83 սենատորների կողմ քվեարկության արդյունքում։ Լեհաստանի օրենսդրությամբ համաձայնագրի վերջնական վավերացումը ենթադրում է նաև դրա ստորագրումը ԼՀ Նախագահի կողմից։ Կարծում եմ, որ այն չի ուշանա, և առաջիկա ժամանակաշրջանում այդ կարևոր գործընթացը Լեհաստանում ամբողջությամբ կավարտվի։
–«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրելուց հետո ՀՀ ԱԳՆ ղեկավարությունը նշում էր, որ այս քայլով նոր էջ է բացվում Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններում: Ըստ ձեզ՝ այս համաձայնագիրն ի՞նչ հնարավորություններ կարող է տալ Հայաստանին:
-Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ձեր կողմից մատնանշված մեկնաբանությունն արդեն իսկ ընդգծում է այդ փաստաթղթի կարևորությունը, հետևաբար դրան ոչինչ ավելացնել հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ այն շատ օգտակար կարող է լինել ոչ միայն Հայաստան-Եվրոպական Միության հարաբերություններում, այլև Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններում։
–Այս համատեքստում Լեհաստանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ, հաշվի առնելով, որ Հայաստանի և Լեհաստանի առկա համագործակցությունը շարունակական աճ ունի:
-Նախ` Լեհաստանի դերակատարումը մեծ է եղել ի սկզբանե, քանզի Լեհաստանը հանդիսանում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկրներից մեկը։ Լեհաստանը մշտապես հանդես է գալիս ոչ միայն Եվրոպական Միության ամրապնդման և զարգացման դիրքերից, այլև մեծապես նպաստում է Եվրոպական Միության և այլ երկրների հետ համագործակցության զարգացմանը։ Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունները միշտ էլ գտնվել են բարձր մակարդակի վրա։ Ես վստահ եմ, որ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը նոր, առավել նպաստավոր միջավայր է ստեղծելու մեր երկու երկրների միջև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
–Երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Արդյո՞ք առաջիկայում ներդրումների կամ համատեղ ծրագրերի հետ կապված նորություններ կլինեն:
-Ակնհայտ է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման առումով առկա հաջողությունների հետ միասին, մեզ համար տեսանելի է նաև չօգտագործված հսկայական ներուժը։ Այդ ուղղությամբ համագործակցության զարգացման համար երկուստեք մեծ ջանքեր են կիրառվում։ Նախ` պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Լեհաստանի տնտեսությունը Եվրոպական Միության խոշոր, արագ և դինամիկ զարգացող տնտեսություններից մեկն է։ Մյուս կողմից Լեհաստանի աշխարհագրական դիրքը չափազանց նպաստավոր է ոչ միայն ուղղիղ, այլև նրա միջոցով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այլ երկրների հետ առևտրային կապերի զարգացման համար։ Դրա հետ միաժամանակ, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Տնտեսական Միությանը (ԵԱՏՄ-ին), Եվրոպական Միության հետ «GSP+» առևտրային ռեժիմի առկայությունը, Վրաստանի և Իրանի հետ առևտրատնտեսական կապերը, Հայաստանի ներքին տնտեսական կյանքում իրականացվող բարեփոխումների դրական դինամիկան և այլ գործոնները, Հայաստանը դարձնում են չափազանց գրավիչ երկիր օտարերկրյա ներդրումների, այդ թվում Լեհաստանի գործարարների համար։
Այդ հարցերի ամբողջությունը քննարկվել է 2018 թվականի հունվարին Վարշավայում տեղի ունեցած հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, դրա շրջանակներում կազմակերպված հայ-լեհական գործարար համաժողովում, ինչպես նաև տարվա ընթացքում Լեհաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովների ժամանակ։ Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ արդեն իսկ ստորագրվել են մի քանի միլիոն դոլարի արժողություն ունեցող ներդրումային կոնկրետ համաձայնագրեր վերականգնվող էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում և այլն։
-Օրերս Հայաստանում էին Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամները: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների համագործակցությունը խորհրդարանական մակարդում, օրակարգային ի՞նչ հարցեր կան:
Հայաստանի Լեհաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը բավականին ակտիվ է և գտնվում է բարձր մակարդակի վրա։ Երկար ժամանակ չի անցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակության 2017 թվականի հոկտեմբերին Լեհաստան կատարած այցից, որի ընթացքում, կարևոր հանդիպումներից բացի, ԼՀ Սենատի ճեմասրահում բացվեց Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված ցուցահանդես, իսկ Սենատն ընդունեց հայ համայնքի 650-ամյակին նվիրված պատմական բանաձևը։ Հայաստանի և Լեհաստանի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի համագործակցությունից բացի, համագործակցություն է հաստատվել նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովների միջև։ Մոտ ապագայում ՀՀ ԱԺ պաշտոնական պատվիրակությունը մասնակցություն կբերի Վարշավայում կազմակերպված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովին և Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Խորհրդարանական շփումների առանցքային հարցերն են մնում երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը, երկուստեք կարևոր և զգայուն հարցերի վերաբերյալ միմյանց մոտեցումների և տեսակետների ներկայացումը, միջազգային խորհրդարանական վեհաժողովներում և այլ հարթակներում համագործակցությունը և այլն։
–Պարոն դեսպան, Հայաստանում քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները որքանո՞վ են ընկալելի Լեհաստանում և առհասարակ՝ միջազգային հանրության կողմից: Ի՞նչ տրամադրություններ կան քաղաքական, հասարակական հատվածում:
-Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները լավագույն վկայությունն են Հայաստանում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական ինստիտուտների, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում կարևորագույն հարցերի լուծման կարողության մասին։ Վստահ եմ, որ ինչպես շատ այլ առաջավոր երկրներում և հասարակություններում, այնպես էլ Լեհաստանում, բարձր են գնահատում Հայաստանում տեղի ունեցած գործընթացները։ Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել լեհ գործընկերներից հիացմունքի, ինչ-որ տեղ նաև զարմանքի խոսքեր լսել, այն ամենի մասին, թե ինչպես Հայաստանում հնարավոր եղավ առանց ցնցումների, առանց ավելորդ լարվածության, ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կողմից կշռադատված քայլերով և որոշումներով հասնել նոր վիճակի, որն արտահայտում էր հասարակության գերակշիռ մասին ցանկություններն ու տրամադրությունները։ Վստահ եմ, որ տեղի ունեցած իրադարձություններն էլ ավելի ամրապնդեցին Հայաստանի միջազգային բարձր հեղինակությունն ու վարկանիշը և ամուր հիմք կարող են ծառայել մեր բոլոր գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար։
–Ընթացիկ տարում դեսպանության օրակարգում ի՞նչ ծրագրեր կան: Արդյո՞ք փոխայցելություններ նախատեսված են:
-Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն աշխատում է իր ամենօրյա, բնականոն, լարված աշխատանքային ռեժիմով։ Մի կողմից մենք նոր ջանքեր ենք գործադրում տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ուղղությամբ, մյուս կողմից շարունակում ենք հյուպատոսական ծառայություններ մատուցել Լեհաստանում ապրող մեր քաղաքացիներին։ Փոխայցելությունների հարցը մշտապես գտնվում է երկու կողմերի օրակարգում։ Լեհաստանում 2018 թվականի ընթացքում տեղի են ունենալու մի շարք կարևոր միջազգային իրադարձություններ և միջոցառումներ, որոնց, ամենայն հավանականությամբ, Հայաստանից կլինի ներկայացուցչական մասնակցություն։ 2018 թվականը հոբելյանական է Լեհաստանի և Հայաստանի համար։ Այս տարի նշվում է Լեհաստանի Անկախության, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանները։ Այդ առումով արդեն իսկ տեղի ունեցած մի շարք միջոցառումների շարքը կհամալրվի աշնանը նախատեսվող իրադարձություններով։ Նախատեսվում են հայկական խաչքարեր տեղադրել Լեհաստանի մի քանի քաղաքներում։ Վստահ եմ, որ մեր հասարակությունը տարվա ընթացքում Լեհաստանից հաճելի լուրեր լսելու բազմաթիվ առիթներ կունենա։
Աննա Գզիրյան
Լուսանկարը` Տաթև Մնացականյանի