«Ես կմեկնեմ Քաթար անգամ ճերմակած մորուքով». Ռամոսը չի հեռանա
Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ չի ավարտի միջազգային կարիերան Աշխարհի 2018 թվականի առաջնության 1/8 եզրափակչում կրած անակնկալ պարտությունից հետո:
«Ես մեծ փոփոխությունների կողմնակից չեմ: Ամեն դեպքում, մարզիչը կլինի նախկին խաղացող: Հուսով եմ, որ լավագույն որոշումը կկայացվի՝ ելնելով իսպանական ֆուտբոլի շահերից:
Սա ցիկլի վերջը չէ: Շատ կարևոր մարդիկ հեռանում են, բայց ուժեղ խաղացողներ կան: Այս թիմն ուժեղ է:
Ես հեռանում եմ այս առաջնությունից, ես շատ տխուր եմ: Բայց ես կմեկնեմ Քաթար անգամ ճերմակած մորուքով:
Ես թիմում եմ երկար ժամանակ: Մենք ապրում ենք գովասանքով և քննադատությամբ: Մենք կցանկանայինք ավելի շատ աջակցություն և սեր: Թեև այսօրվա արդյունքը կապված չէ մամուլի ճնշման հետ»,- նշել է Ռամոսը:
Նշենք, որ շատերը կարծում էին, որ Ռամոսն այլևս չի խաղա Իսպանիայի հավաքականում, սակայն ֆուտբոլիստը հերքեց այդ լուրերը:
Քաթարի Աշխարհի առաջնության ժամանակ՝ 2022 թվականին, Ռամոսը կլինի 36 տարեկան:
Սիրարփի Աղաբաբյան