
«Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է բարելավեն հարաբերությունները». Ռիչարդ Շելբի

ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Ռուսաստան ժամանած պատվիրակությունը երկու երկրների նախագահների՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման դրական արդյունքների հույս ունի: Այս մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար, Ալաբամայի նահանգից սենատոր Ռիչարդ Շելբին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ կայացած հանդիպմանը։
«Մենք գիտենք Հելսինկիում նախագահներ Պուտինի եւ Թրամփի առաջիկա հանդիպման մասին: Հուսով ենք, որ այդ հանդիպումից ինչ-որ լավ բան կստացվի մեր երկու երկրների համար»,- ասել է Շելբին:
Շելբին հավելել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պետք է բարելավեն հարաբերությունները, որոնք այժմ աչքի են ընկնում լարվածությամբ, երկու երկրները, բոլոր առկա հակասություններով հանդերձ, պարտադիր չէ, որ հակառակորդներ լինեն:
«Այժմ մեր երկրների միջեւ լարված հարաբերություններ են,- ասել է նա:- Ես կարծում եմ, որ մեզ համար կարեւոր է Ռուսաստանի հետ ունենալ ավելի լավ հարաբերություններ: Ակնհայտ է, որ նախագահ Թրամփը մտածում է նույն կերպ»:
«Ես կարծում եմ, որ միշտ էլ մրցակիցներ կլինենք, որովհտեւ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը մեծ երկրներ են՝ տարբեր շահերով, բայց պարտադիր չէ, որ հակառակորդներ լինենք»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: