«Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին առաջին հերթին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ». Տիգրան Բալայան

«Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին և վերջին տեղեկություններին:

Տիգրան Բալայանն ասաց, որ ՀՀ ՊՆ-ն բավականին օպերատիվ կերպով տեղեկացնում է այդ զարգացումների մասին, ուստի այլ մանրամասներ այս պահին չի կարող ասել: «Քաղաքական առումով, իհարկե, նոր չէ, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից, իր ստանձնած պարտավորությունները չկատարելով: Այս հարցը բարձրացնում ենք՝ ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ՝ մեր մյուս գործընկեր երկրների և կազմակերպությունների առջև: Կարծում ենք, որ հենց այստեղ համանախագահները լուրջ անելիք ունեն: Չանսալով նրանց հորդորներին, անելով հակառակը՝ առաջին հերթին՝ արհամարհանք է հենց համանախագահ երկրների հանդեպ»,- ասաց Բալայանը:

Խոսելով վերջերս շրջանառության մեջ հայտնված տեղեկությունից, թե Եվրոպայում սպառազինության և զինտեխնիկայի խոշորագույն արտադրողներից գերմանական Rheinmetall ընկերությունը հռչակագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, և անդրադառնալով հարցին, թե այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկել ՀՀ ԱԳՆ-ն, Բալայանն ասաց, որ այդ հարցը բարձրացվել է ՀՀ ԱԳ նախարարի Գերմանիա կատարած այցի հանդիպումների ընթացքում:

«Կարող եմ առանց մանրամասների մեջ մտնելու՝ ասել, որ այն պարզաբանումները, որ մեզ տվել է գերմանական կողմը, լիովին բավարարում են»,- նկատեց խոսնակը:

Անդրադառնալով Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի շուրջ բարձրացած աղմուկին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակն ասաց, որ այն տեղեկատվությունը, որը որոշ անձանց կողմից պարբերաբար սոցիալական ցանցերում և լրատվական դաշտում թողարկվում է, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: «Ուղղաթիռների հարցով մենք սկսել ենք զբաղվել շատ ավելի վաղ, քան դա հայտնվել է հրապարակային դաշտում: Այս պահին մեր տրամադրութան տակ եղած տեղեկատվության համաձայն՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն, դրանք արտադրվում են մի քանի երկրներում՝ ամերիկյան լիցենզիայով, և դրանց գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար: Այս պահին այսքանը կարող եմ հայտնել»,- ասաց Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս