Լոպես Օբրադորը փաստորեն հաղթեց Մեքսիկայում կայացած ընտրությոններում
«Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Մանուել Լոպես Օբրադորը քվեների պաշտոնական հաշվարկի ավարտից շատ առաջ փաստորեն հաղթել է Մեքսիկայի նախագահի՝ հուլիսի 1-ին կայացած ընտրություններում: Ընտրատեղամասերի փակումից հետո շատ չանցած երկրի ամբողջ տարածքում նախագահական ընտրարշավի գծով նրա մրցակիցները՝ Ռիկարդո Անայան, Խոսե Անտոնիո Միդը եւ Խայմե Ռոդրիգես Կալդերոնն ընդունել են իրենց պարտությունը:
Ստացված տվյալների համաձայն՝ Լոպես Օբրադորը հավաքում Է քվեների շուրջ 53 – 53,8 տոկոսը, իսկ նրա մերձակա հետապնդողը՝ «Հառա՜ջ, հանուն Մեքսիկայի» կոալիցիայի ներկայացուցիչ Ռիկարդո Անայան՝ շուրջ 22,1 – 22,8 տոկոսը: Քվեների՝ այսպես կոչված արագ հաշվման արդյունքները, որը կրում է նախնական բնույթ, հուլիսի 1-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հուլիսի 2-ի առավոտյան) հեռուստաեթերում հրապարակել է Ազգային ընտրական ինստիտուտի ղեկավար Լորենսո Կորդովան:
Միդը, որը ներկայացնում Է «Բոլորը հանուն Մեքսիկայի» կոալիցիան, որի հիմնական մասը դարձել է Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցությունը (ԻՀԿ), առաջինն է ընդունել իր պարտությունը: ԻՀԿ-ի ներկայացուցիչները Մեքսիկան ղեկավարել են անցյալ դարի շատ տասնամյակներում, իսկ այդ կուսակցության շարքերում Է նաեւ գործող նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: