Վաշինգտոնում մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում ավելի վաղ տեղեկություն էր տեղադրվել, որ ՀՀ նախագահի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին հանդիպում եւ հարց ու պատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաեւ այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ: Նույն օրը Հանրապետության նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացման արարողությանը: Փառատոնի շրջանակում ներկայացվել է հայկական մշակույթն ու ավանդույթները: Նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, շրջայց է կատարել տաղավարներում, դիտել հայկական կենցաղը, խոհանոցն ու արհեստները ներկայացնող ցուցադրությունները, շփվել մասնակիցների ու այցելուների հետ: