Բաժիններ՝

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Վազգեն Ռշտունին

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 28-ին հանդիպում և աշխատանքային քննարկումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ: Ինչպես տեղեկացրին դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, կարևորելով նման հանդիպումները հատկապես դատական իշխանության անկախության և արդարադատության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների քննարկման տեսանկյունից՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանն առանձնացրել է հատկապես երկու հիմնախնդիր:

Նախ՝ խելամիտ ժամկետներում գործի քննության երաշխավորումը և արդարադատության գործընթացի օպտիմալ կազմակերպումը: Երկրորդ՝ հետևողականությունն օրենսդրության պահանջների հստակ կատարման ուղղությամբ և անկախաբար արդարադատություն իրականացնելու անհրաժեշտ մշակույթի արմատավորումը:

Շեշտվել է նաև, որ 12-րդ դարում Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» կարևորվում էին ոչ միայն դատավորի հմուտ, գիտուն, օրենսգետ, անաչառ, անկաշառելի լինելու որակները, այլև նրա բարի, առաքինի, համբերատար լինելու հատկությունները: Դատավորի՝ նման որակներ ունենալու պահանջն այսօր էլ օրակարգային խնդիր է: Օրինակ՝ պատշաճ համբերատարության բացակայության վկայությունն է նաև այս օրերին համացանցում տեղակայված տեսանյութը՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի առնչությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներն անդրադարձել են նաև դատարանների ծանրաբեռնվածության, դատական կազմերի ձևավորման, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և մի շարք այլ հիմնախնդիրների:

Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպել է նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրություն: Գաղտնի քվեարկության արդյունքներով ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Մարաբյան Սերգեյ – 1 Ռշտունի Վազգեն – 8 Սահակյան Տիգրան -1
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Վազգեն Ռշտունին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս