«ԵԿՄ-ում մի երկու-երեք հոգի տեսնում եմ, որոնք ոչ պակաս մանվելներ են». Կորյուն Ղումաշյան

«Մանվել Գրիգորյանի արածներից հետո հարվածներ տեղացին ԵԿՄ-ի վրա, բայց կառույցը Մանվելը չէր։ Ես ԵԿՄ-ում չեմ, բայց ԵԿՄ-ում կան շատ անարատ, մաքուր կռվող տղերք, և պետք չէ հարվածներն ուղղել նրանց կողմը։ Դա դավաճանություն եմ համարում, որովհետև մեկ է՝ այս տղերքն են նորից սահման գնալու»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։

Նա նշեց, որ ԵԿՄ-ում դեռ տեսնում է մարդիկ, որոնք մաքուր չեն. «Նրանք պակաս մանվելներ չեն։ Նրանք ուզում են ղեկավար կազմում լինել և մեր միամիտ տղերքին նորից կանչում են այնտեղ։ Մինչև այնտեղ մաքրություն չտեսնեմ՝ ոտք չեմ դնի ԵԿՄ։ Ամբողջ կյանքում ես եղել եմ միանձնյա հրամանատար, ենթարկվել եմ պետությանն ու ՊՆ-ին, հրամանատար չեմ ունեցել, ինձ որևէ մեկը չի կարողացել որևէ բան թելադրել։ Բայց նորից եմ կրկնում՝ ԵԿՄ-ում մի երկու-երեք հոգի տեսնում եմ, որոնք ոչ պակաս մանվելներ են։ Անուններ չեմ ուզում տալ, կգա ժամանակը՝ ամեն ինչ կպարզվի։ Մեր երիտասարդ հեղափոխականները, Ապրիլյան պատերազմի մասնակիցները շատ լավ գիտեն, թե ում մասին է խոսքը։ Ինձ թվում է՝ իրենք կմաքրեն դրանց»։

Ինչ վերաբերում է ԵԿՄ-ի անվանափոխության վերաբերյալ խոսակցություններին, գնդապետն ասաց, որ դեմ է ԵԿՄ-ի անվանափոխությանը.

«Ի՞նչ անուն դնեն, ինչի՞ համար անունը փոխեն։ «Երկրապահը» Մանվելը չէր, այլ այն տղերքն էին, ովքեր հեռացել էին ԵԿՄ-ից՝ տեսնելով այնտեղի անարդարությունները։ Նախկին իշխանությունների հովանավորչության տակ ԵԿՄ-ի անունը կար, բայց կռվող տղերքը հեռացել էին ԵԿՄ-ից։ Հիմա մեր կռված տղերքն ուզում են ԵԿՄ գնան, բայց մարդիկ կան, որ ուզում են մեր տղերքին խառնված՝ մտնեն այնտեղ։ Գուցե հունից դուրս գամ՝ անունները հրապարակեմ»։

Տեսանյութեր

Լրահոս