«Չկա որևէ դրվագ, որ Պողոսյան Արտակը ապտակում է Անի Գևորգյանին». Վալերիյ Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրող Անի Գևորգյանին Երևանի նորանշանակ ոստիկապետի կողմից հասցված ապտակի խնդրին, Վ.Օսիպյանը հայտարարեց, թե Անիի տրամադրած տեսանյութն անձամբ է ուսումնասիրել, չկա որևէ դրվագ, որ Պողոսյան Արտակը ապտակում է, և ընդհանրապես Պողոսյան Արտակը չի եղել այդ մասով, նախկինում ՀՔԾ-ն վարույթ է ընդունել, գործ է հարուցել և դատարանում քննվել է:
Հիշեցնենք, որ լուսանկարիչ Անի Գևորգյանը՝ Արտակ Պողոսյանի՝ Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Էսօր Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ ա նշանակվել մի մարդ, ով վիդեոյում պատկերված օրը հարվածել ա դեմքիս, հետո տեղի ունեցածի հետ կապված հարուցված քրեական գործով կեղծ ցուցմունքներ ա տվել: Տարիներ շարունակ Արմեն Խաչատրյանի, Վահե Գրիգորյանի ու այլ փաստաբանների հետ միասին հետևողականորեն պայքարել ենք էդ օրը տեղի ունեցածի բոլոր մեղավորներին, նաև էս մարդուն պատասխանատվության կանչելու համար, որովհետև Հայաստանում, ի վերջո, պետք ա գա մի օր, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողը իրական պատասխանատվության ենթարկվի: Մի բան էր, երբ նախորդ իշխանությունների ժամանակ տեսանք, թե ոնց էս մարդը ոստիկանության կենտրոնի բաժնի պետից դարձավ Երևանի փոխոստիկանապետ, բայց այլ բան է, երբ նրա կարիերայի աճը շարունակվում ա նոր իշխանության օրոք: ՀՀ-ում ապօրինությունների դեմ սկսված շատ կարևոր պայքարի պայմաններում առավել ևս նման դեպքերն ու «հերոսները» չպետք ա անտեսվեն»,-գրել էր նա:
Կատարվածի մանրամասները՝ տեսանյութում.
Կատարվածի կապակցությամբ ժամանակին խիստ դատապարտող հայտարարությամբ էին հանդես եկել լրագրողական կազմակերպությունները։