Բաժիններ՝

Քաղաքաշինության կոմիտեն դադարեցնում է Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները

Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում ներկայում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ: Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը պետք է դարձնել հանրային քննարկման առարկա: Ինչպես տեղեկացրին Քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, կոմիտեն այս օրերին ստացել է բազմաթիվ դիմումներ և արձագանքներ՝ Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ:

«Մեզ են դիմում ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Հարցը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Իրենց մտահոգությունն են մեզ հայտնել Ջիմ Թորոսյանի ժառանգները:

Ներկայում, քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում:

Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքի: Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:

Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը: Խախտվել է նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Հաշվի առնելով թվարկված հանգամանքները՝ Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս