Բաժիններ՝

ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը պնդում է՝ իրեն ոչ ոք չի ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը լիազորությունների կատարումից իր հրաժարականը բացատրում է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ նշելով, որ օրերս կընդունվի հրաժարականի իմ դիմումը, կավարտի նաև աշխատանքը թանգարան-ինստիտուտում, որը տևել է տասը տարի, որից վերջինը՝ հաստատության ղեկավարի կարգավիճակում:

«Նախ երկու կարևոր պարզաբանում: Առաջինը՝ իմ հրաժարականը պայմանավորված է գլխավորապես այն հանգամանքով, որ տեղափոխվում եմ այլ հաստատություն՝ գիտահետազոտական աշխատանքի (դրա մասին կխոսեմ ավելի ուշ): Երկրորդ՝ ես նախատեսածից մեկ ամիս շուտ հրաժարական եմ տվել Ցեղասպանության թանգարանը տարբեր տեսակի շահարկումներից հեռու պահելու համար: Այո, եղել են տարաձայնություններ (իսկ դրանք որտե՞ղ չի լինում), սակայն, եթե ես ցանկանայի մնալ, դրանց լուծումը որևէ դժվարություն ինձ համար չէր և չի ներկայացնում: Սակայն ստիպված էի լինելու գնալ կադրային լուրջ փոփոխությունների ճանապարհով, իսկ ես կարծում եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարը հաստատության համար անցումային փուլում առնվազն բարոյական իրավունք չունի կադրային մեծ փոփոխություններ անելու: Ամեն դեպքում, հուլիսի սկզբին ես հրաժարական էի տալու, սակայն դա արել եմ մեկ ամիս շուտ բացառապես իմ որոշմամբ: Այս առումով, առնվազն ծիծաղելի է այն պնդումը, որ ես հրաժարական եմ տվել ինչ-որ ճնշումների հետևանքով: Իմ ամբողջ պաշտոնավարման ընթացքում իմ նկատմամբ որևէ հարցի վերաբերյալ որևէ կողմից ճնշման ցանկացած փորձ մատնվել է անհաջողության: Չկա և չէր կարող լինել որևէ մեկը, որ ինձ կարողանա(ր) ստիպել հրաժարական տալ: Տղանե՛ր, ինձ լավ չեք ճանաչում… Մի՛ շտապեք սխալ եզրակացություններ անել»,-գրել է Գևորգ Վարդանյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել է իր բացակայության պայմաններում ՀՑԹԻ վարչական մասում գտնվող իր առանձնասենյակ մուտք գործելու մեջ: Նրա խոսքով՝ գործուղման մեկնելուց առաջ սենյակում է թողել անձնական իրերը, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայկ Դեմոյանը թանգարան-ինստիտուտում որևէ պաշտոն չունի, հետևաբար, չի կարող ունենալ աշխատասենյակ: Նրա խոսքով՝ իրենք այնտեղ փոխտնօրենների հետ հանդիպում են անցկացրել:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայկ Դեմոյանի կողմից ճնշումների արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս