Ոստիկանությունն անզիջում պայքարում է հանցավորության դեմ. Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ
Հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելության եկած քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրել են դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։ Նրանց հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում են եղել, և՛ դրանից դուրս։
Քաղաքացիներից շատերը նախկինում տուժել էին հանցագործություններից և խնդրել են, որ դրանք հնարավորինս արագ բացահայտվեն։ Վալերիյ Օսիպյանը նրանց հավաստիացրել է, որ ոստիկանությունը անզիջում պայքարում է հանցավորության դեմ և կարվի ամեն ինչ չբացահայտված դեպքերը հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ։
Կային քաղաքացիներ, որոնք առնչվել էին ոստիկանության կոնկրետ ծառայողների հետ և բողոքել են նրանց գործողություններից, նաև՝ անգործությունից։ Վալերիյ Օսիպյանը տեղում հանձնարարել է ուսումնասիրել բողոքները և պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։
Ինչ վերաբերում է քաղաքացիների ոստիկանության իրավասությանը չվերաբերվող խնդիրներին, դրանք բազմաբնույթ են եղել և առնչվել են տարբեր գերատեսչությունների գործառույթներին։ Ոստիկանության պետը քաղաքացիներին պարզաբանել է իրենց անելիքները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ոչ միայն ուղղորդելով, այլև գործնական քայլերով։
Ընդունելությանը եկած քաղաքացիներից նաև առձեռն դիմում հանձնողներ են եղել։ Ոստիկանության պետը դրանք տեղում ուսումնասիրել է ՝ հանձնարարելով անհապաղ ընթացք տալ։ Քաղաքացիները Վալերիյ Օսիպյանին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության, իրենց խնդիրները լսելու և աջակցելու համար։
Ոստիկանությունը հայտնում է, որ ընդունելությունները կրելու են շարունակական բնույթ։