Վարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկին:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում հայ-շվեդական հարաբերությունների զարգացմամբ և այդ առումով կարևորել դեսպանի ակտիվ գործունեությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը և ավելացրել, որ գործադիրն էապես կարևորում է արտաքին ներդրումների ներգրավումը, բիզնես կապերի ընդլայնումը: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ նոր իշխանություններն իրենց առջև դրել են հավակնոտ ծրագրեր և հավելել, որ դրանց իրականացումը համարում է հաճելի պարտավորություն:

Դեսպանը վստահեցրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով: Մարտինա Քուիկը նշել է, որ Շվեդիան պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ կառավարության հետ՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման և այլ ուղղություններով:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագիրը և ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացումը:

Տեսանյութեր

Լրահոս