«Իմ կյանքը վտանգել եմ, միլիոններով վարկերի տակ ճռռում եմ, ո՞նց եք դուք իմ անունը փոխում, հլը շշկռվեք». Ռոմիկ Մխիթարյանը հունից դուրս եկավ
«Այո, այդպես եղել է, ԵԿՄ-ն օգտագործվել է, բայց օգտագործվել է կառույցը, չեն օգտագործվել ԵԿՄ անդամները։ Վերջին ընտրություններին էլ է այդպես եղել։ Ես և իմ ընկերները, տղաների ստվար զանգված չեն հնազանդվել։ Մենք էլ նույն կերպ դատվել ենք, նստել ենք, հետապնդվել ենք, ամեն ինչ էլ կատարվել է հետներս, բայց մեր հայացքները չեն փոխվել, որովհետև ԵԿՄ-ն չի կարող քաղաքական կառույց լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԵԿՄ վարչության անդամ, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ այսօր ամենակարևոր խնդիրն է՝ ԵԿՄ-ն զերծ պահել քաղաքական ուժերից. «ԵԿՄ փոխնախագահը նման հայտարարություն արեց, բայց մեր կառույցը նման հայտարարություն անելու իրավունք չունի»։
ԵԿՄ-ի անվանափոխության վերաբերյալ հարցը վրդովեցրեց Ռոմիկ Մխիթարյանին. «Այսօր հենց պատերազմ լինի, էլի մի մարդու պես բոլորս դուրս ենք գալու, էս ի՞նչ անվան մասին եք խոսում։ Ես երկրապահ եմ, ընդդիմադիր դաշտ էլ եմ եղել, ամեն ինչ էլ արել եմ, իմ կյանքը դրել եմ, իմ առողջությունը դրել եմ, իմ կյանքը վտանգել եմ, այսօրվա դրությամբ միլիոններով վարկերի տակ ճռռում եմ, ո՞նց եք դուք իմ անունը փոխում, հլը շշկռվեք»։
Ըստ նրա՝ նույն սկզբունքով պետք է Հայաստանի անունն էլ փոխել։ «Դե բերեք Հայաստանի անունն էլ փոխենք: 30 տարի Հայաստանի ղեկավարությունը թալանել ա, քանդել ա, ավերել ա էս երկիրը»,- եզրափակեց փոխգնդապետը՝ լքելով մամուլի սրահը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում