Նոր կառավարության կազմում ո՞վ է ամենահարուստը

ՀՀ նոր կառավարության նախարարների գույքի և եկամուտների հայտարարագրերում բավականին խայտաբղետ պատկեր է:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խիստ համեստ հայտարարագիր է ներկայացրել 2017 թ. Համար՝ որպես պատգամավոր, իսկ նոր պաշտոնը ստանձնելուց հետո չի ներկայացրել: Նա նշել է միայն աշխատավարձ 4.7 մլն դրամ և 297 հազար դրամ ֆինանսական միջոցներ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եկամուտն այս տարվա սկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրը 14 հազար 620 դոլար (այլ եկամուտներ) էր: Նրա դրամական միջոցները կազմել են 2475 դոլար և 600 հազար դրամ: Ավինյանն արժեթղթերում ներդրել է 7000 դոլար:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ունի 1 բնակարան, 2 ավտոտնակ և 1 հողամաս: Նա կուտակել է 77 մլն 16 հազար դրամ ֆինանսական միջոցներ: 3 աղբյուրից ստացել է ընդհանուր 28մլն 23 հազար դրամ աշխատավարձ:

Նախարարներից ամենահարուստ հայտարարագիրը, թերևս, «ծառուկյանական» ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի դրամական միջոցներն են: Թեև նա անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել, սակայն նրա կուտակած դրամական միջոցներն ամենատպավորիչն են` 150  մլն դրամ, 150 հազար դոլար և 130 հազար եվրո: Հանձնել է փոխառություններ` ընդհանուր՝ 335 մլն դրամ: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրը ստացել է ընդամենը 530 հազար դրամ աշխատավարձ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հայտարարագրել է 1 բնակարան, 2 ավտոմեքենա` «HONDA ACCORD 2.4» և «NISSAN SKYLINE 2.5I TURBO GTS T» մակնիշների: Փոխառության է հանձնել 775 հազար դրամ: Ունի 6.8 մլն դրամ և 8700 դոլար: Եվ այս ամենը՝ այն դեպքում, երբ նրա տարեկան եկամուտը եղել է միայն 1 մլն 340 հազար դրամ աշխատավարձը (ամսական 111 հազար դրամ):

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անշարժ գույք, արժեթղթեր, ներդրումներ չունի: Հայտարարագրել է «NISSAN TEANA 2.3» մակնիշի ավտոմեքենա, հանձնել է ընդհանուր 12 մլն 726 հազար դրամի փոխառություն, սակայն դրանից ստացված տոկոսների գումար չի նշել: Ունի 1.3 մլն դրամ և 1400 դոլար ֆինանսական միջոցներ: Որպես տարեկան եկամուտ՝ նշել է 3 աղբյուրից ստացված աշխատավարձ` 1 մլն 801 հազար դրամ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագիր դեռևս չի ներկայացրել: Որպես արտակարգ իրավիճակների նախարար՝ նրա ներկայացրած 2017 թ. հայտարարագրում նշված է միայն աշխատավարձ` տարեկան 7.9 մլն դրամ, կենսաթոշակ` 1.7  մլն դրամ: Դրամական միջոցները տարվա սկզբի 1.8 մլն դրամից տարեվերջին հասել են 2.5 մլն դրամի:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր հայտարարագրում, որպես եկամուտ՝ նշել է միայն 2 աղբյուրից ստացված ընդհանուր 1.5մլն դրամ աշխատավարձ: Նրա դրամական միջոցները կազմել են 597 դոլար և 1 մլն 251 հազար դրամ:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարագրել է 1 բնակարան, դրամական միջոցներ` 480 հազար դրամ: Նրա եկամուտները հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը` մայիսի 11-ը, կազմել են ընդհանուր 1 մլն 841 հազար դրամ, որից աշխատավարձ` 468 հազար և 220 հազար դրամ, ստացված վարկեր` 833 հազար և 320 հազար դրամ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: 2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն` նրա եկամուտները կազմել են ընդհանուր 11 մլն 818 հազար դրամ, որից 1 մլն 834 հազար դրամը ստացված վարկն է, մնացածն աշխատավարձ է:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնը ստանձնելու նոր հայտարարագիր չի ներկայացրել: Որպես Շիրակի մարզպետ՝ նրա 2017թ. հայտարարագրի համաձայն` Խաչատրյանն անցած տարի ձեռք է բերել 19 մլն դրամ արժեքով բնակարան: Նույն չափով գումար նա վերադարձրել է՝ որպես փոխառություն, միաժամանակ հանձնել է մոտ 9 մլն դրամ փոխառություն:

Խաչատրյանի տարեկան եկամուտը կազմել է ընդհանուր 14 մլն 728 հազար դրամ, որից 8.5 մլն-ը ստացված փոխառությունն է, մնացածը՝ աշխատավարձը: Խաչատրյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 3.2 մլն դրամ և 4000 դոլար` տարեվերջին նվազելով՝ մինչև 2.5 մլն դրամ և 3500 դոլար:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարագրել է 1 բնակարան, 2 ավտոմեքենա` «OPEL VECTRA A 1.6 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների: Նա բաժնետոմսերում ներդրել է 50 հազար դրամ, իսկ որպես փոխառություն՝ հանձնել է ընդհանուր 70 հազար դոլար, 38 հազար 105 եվրո և 4.9 մլն դրամ: Սակայն եկամուտներում որևէ տոկոսագումար չի նշել, այլ միայն հիշատակել է աշխատավարձի մասին` այս տարվա սկզբից՝ 3 մլն 780 հազար դրամ: Գրիգորյանի դրամական միջոցներն են` 2 մլն դրամ, 3000 դոլար և 896 շվեյցարական ֆրանկ:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Որպես ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ՝ 2017թ.-ի նրա հայտարարագրում նշված է 47 հազար 200  դոլար աշխատավարձ, իսկ դրամական միջոցները տարեսկզբի 18 հազար 800 դոլարից դարձել են 24 հազար դոլար: Որևէ շարժական կամ անշարժ գույք հայտարարագրում նշված չէ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ևս նոր հայտարարագիր չի ներկայացրել: Որպես ԱԺ պատգամավոր՝ 2017 թ. հայտարարագրում նա նշել է ընդհանուր 7 մլն 57 հազար դրամ եկամուտ, որի մի մասը աշխատավարձեր են, մի մասը` քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտ, 344 հազար դրամ կենսաթոշակ և 100 հազար դրամ` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ: Նրա դրամական միջոցները կազմել են 4 մլն 580 հազար դրամ, 19 հազար 570 դոլար և 2340 եվրո:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ունի անհատական բնակելի 1 տուն, 2 ավտոմեքենա` «BMW 528» և «BMW X5 3.0 I»: Նրա եկամուտը տարվա սկզբից կազմել է կազմել է 10 մլն 230 հազար դրամ, որից 1 մլն-ը՝ վարձակալության դիմաց ստացված վճար է, իսկ մնացածը՝ աշխատավարձ: Թորոսյանի դրամական միջոցները կազմել են 21 հազար դոլար, 15 հազար եվրո և 1.7 մլն դրամ:

Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում հայտարարագիր չի ներկայացրել: Որպես պատգամավոր՝ 2017 թ. հայտարարագրում նա նշել է ընդհանուր 14 մլն 740 հազար դրամ եկամուտ, որից 2.2 մլն-ը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է, մնացածը՝ աշխատավարձեր: Նրա դրամական միջոցները տարեսկզբին եղել է 1 մլն 199 հազար դրամ, իսկ տարեվերջին` 845 հազար դրամ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նույնպես նոր հայտարարագիր չի ներկայացրել: 2017-ի հայտարարագրում նա նշել է 15 մլն դրամից ավելի աշխատավարձ, դրամական միջոցները տարեսկզբին` 5 մլն դրամ և 33 հազար դոլար, իսկ տարեվերջին` 7.4 մլն դրամ և 37 հազար դոլար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, 2 բնակարան, 7 հողամաս, 1 ավտոմեքենա՝ «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի: Այս տարվա սկզբից եկամուտը գոյացել է աշխատավարձից` 4.7 մլն դրամ, բայց կուտակել է 130 հազար դոլար դրամական միջոցներ:

Ի վերջո, ամենահամեստ հայտարարագիրը ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանինն է:

Նա նշել է միայն 4500 եվրո դրամական միջոցներ, իսկ որևէ անշարժ կամ շարժական գույք, որևէ եկամուտ չի հայտարարագրել:

Տեսանյութեր

Լրահոս