Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում. Արմեն Աշոտյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ-ում
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել, որում ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությանը: Արմեն Աշոտյանը նշել է, որ ընդունելի սկզբունք պետք է լինի բոլորի համար առ այն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում:
Արմեն Աշոտյանն այս համատեքստում անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բացառապես ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա»,- ասել է Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նաև հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը երբևիցե կլինի խաղաղության և համագործակցության օրրան:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը:
Աշոտյանն իր խոսքում ընդգծել է, որ նոր Կառավարությունը լեգիտիմ խորհրդարանի կողմից կատարված ընտրության արդյունք է, ինչը խիստ կարևոր սահմանադրական հիմքը է Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման տեսանկյունից:
Անդրադառնալով Հայաստանում ձևավորված նոր Կառավարության հետ փոխգործակցությանը՝ Արմեն Աշոտյանը կարևորել է անհանդուրժողականության արմատախիլ անելը, քաղաքական բազմակարծության խթանումը, մամուլի ազատության երաշխավորումը, ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ հարգանքը, քաղաքական դրդապատճառներից ելնելով դատական հետապնդումների բացառումը:
Իր խոսքում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաև անդրադարձել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացին, այս համատեքստում կարևորել ընտրական բարեփոխումների իրականացումը քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա՝ ընդգծելով ընտրությունների անցկացման համար տրամաբանական ժամկետների սահմանումը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է ԵՄ անդամ-պետությունների խորհրդարաններում համաձայնագրի արագ վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները: Եվրոպական միության հետ հարաբերությունների խթանման գործընթացում Արմեն Աշոտյանը կարևորել է «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի ավելի լայնիմաստ կիրառումը՝ շեշտադրում կատարելով քաղաքական և մյուս ոլորտներում աջակցության և համագործակցության վրա՝ հիմնված գաղափարական արժեքների վրա:
Իմ ելույթը ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի Լիագումար նիստի բացմանը։ Խոսել եմ Հայաստանի ներքին զարգացումների, ԵՄ֊ի հետ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի մասին։My welcome remarks on Opening session of EURONEST Parliamentary Assembly Plenary. I touched the recent developments in Armenia, Armenia-EU relations and Nagorno Karabakh conflict.#ArmCFR #EURONEST #EaP
Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 26. Juni 2018