Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները: Այս մասին վարչապետը հայտարարել է ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ: Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին մամուլում հայտնված տեսանյութին, վարչապետն ասել է, որ ժողովրդի վստահությունը վայելող այսօրվա կառավարությունը հետևողականորեն զբաղվում է նման հարցերով և նման ակցիաների կազմակերպումն ավելի շատ կառավարությանը ստիպում է բուն գործից շեղվել և մտածել, որ այդտեղ մի ինչ-որ ավելորդ բան տեղի չունենա, որը կփոխի գործընթացների հունը: «Տեսանյութից հետո Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքացիական անհնազանդության գործողություններ էին տեղի ունենում: Ես իսկապես մի փոքր տարակուսանքի մեջ եմ հայտնվում այդպիսի գործողությունների մասին տեղեկատվություն ստանալուց հետո: Այնպիսի տպավորություն է, որ ակցիաների շատ սիրելի կազմակերպիչները մտածում են, որ կառավարությունն այդ հարցով չի զբաղվելու: Մենք բոլոր հարցերով զբաղվում և զբաղվելու ենք: Մեր զբաղվելը չի լինելու կանխավարկածային, այլ լինելու են փաստերի վրա հիմնված»,-վստահեցրեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ում «Երևան» հիմնադրամի գործունեության կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ընթանում է: «Այսօր տարածված տեսանյութի նյութերը, որքան գիտեմ, ուղարկված են ԱԱԾ և որևէ կասկած կարծում եմ չունեք, որ այդ հարցերը բոլոր մանրամասնություններով կքննվեն և նախատեսված ընթացք կստանան»,-նշեց Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին թույլ տալ, որ այդ նախաքննությունները նորմալ ընթանան:
FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հունիսի 25-ին հրապարակել է տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը: