«Հայկական կողմը պատերազմ չի սկսի, Ադրբեջանն է ռազմական հռետորաբանություն օգտագործում». Փաշինյան
Հայկական բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացումների և ոչ մի վարկյան չկորցնի զգոնությունը: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ով ուղիղ հեռարձակմամբ պատասխանելով քաղաքացիների հարցերին առաջնագծում տիրող իրավիճակի մասին:
«Այս շրջանում կրակոցների միջին քանակը, որոշակի ժամանակահատվածում նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ցածր են եղել, ընդհուպ հասել են 2000-ականների սկզբի մակարդակի: Միջին վիճակագրական տվյալներով, վարչապետ (ՀՀ վարչապետի պաշտոնում իր ընտրվելուց՝ մայիսի 8-ից հետո-խմբ.) ընտրվելուց հետո, ունենք հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ցածր մակարդակ, չնայած դրան, մենք ունեցանք նաև զոհեր»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր առաջնագծում կա ադրբեջանական զորքերի որոշակի կուտակում, ընդ որում, երբեմն դա ծավալներով մեծանում է, երբեմն՝ նվազում, ամեն դեպքում առաջնագծում կա զորքերի շարժ: Նախիջևանի ուղղությամբ էլ որոշակի լարվածություն է նկատվում:
«Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա իմ գնահատականն ու մոտեցումներն այն են, որ մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք այդպիսի զարգացման: Վարչապետ ընտրվելուց հետո իմ հրամանը եղել է նա, որ զգոնությունը ոչ մի վայրկյանով, ոչ մի րոպեով չթուլացնենք: Չեմ կարող ասել, որ ունենք աննախադեպ իրավիճակ, մենք ունենք մեզ ծանոթ իրավիճակ: Միայն արձանագրենք, որ կոնֆլիկտը լուծված չէ: Մենք, ըստ էության, կիսապատերազմական վիճակում ենք, բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է շեղվենք մեր բնականոն կյանքից: Մենք պետք է շարունակենք մեր, իսկ Զինված ուժերն էլ իրենց աշխատանքը»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, այնպես չէ, որ անհնագստանլու կարիք չկա, սակայն այնպես էլ չէ, որ անհանգստանալու կարիք կա: Ըստ նրա՝ իրավիճակն այնպիսինն է, ինչպիսին գիտենք:
«Մենք աշխատում ենք բանակի մարտունակությունը բարձրացնելու, զինվորի մարտական ոգին բարձր պահելու ուղղությամբ, այնպես պետք է լինի, որ մեր բանակը, Զինված ուժերը մեր աջակցությունը զգան: Պետք է աշխատենք, որ չարաշահումները բացառենք, ապահովենք զինվորների բաժնի պաշտպանությունը, ապահովենք առավել հարմարավետ պայմաններ զինվորների ծառայությունն իրականացնելու համար: Եթե մենք խոսում ենք իրավիճակի աննախադեպության մասին, ապա ոչ, մենք աննախադեպ իրավիճակ չունենք: Եթե վերջին տարիների համար աննախադեպ է իրավիճակը, ապա աննախադեպ է հարաբերական հանդարտության առումով: Էլի եմ ասում, օրեր ունենք, որ կրակոցների մակարդակով 10-15 տարվա վաղեմության մակարդակի է իջել՝ զուտ հրադադարի ռեժիմի խախտման առումով: Բայց, ընդհանուր առմամբ, մենք կոնֆլիկտի մեջ ենք, դա ոչ մի րոպե պետք չէ մոռանալ: Մենք պետք է շատ ամուր կանգնած լինենք մեր ոտքերի վրա, մեր հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինենք ամեն վայրկյան»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ հայկական կողմը պատերազմ չի սկսի, Ադրբեջանն է ռազմական հռետորաբանություն օգտագործում: Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունը կհասկանա, որ ղարաբաղյան կոնֆլիկտը զինված լուծում չունի, որովհետև զինված բախումն իր հետ բերելու է անխուսափելի հետևանքների:
«Եթե Ադրբեջանում մտածում են այդ հետևանքերը իրենց չեն վերաբերելու, ապա ես կարծում եմ, որ չարժե ընդհանրապես նման փորձությունների ենթարկել որևէ երկրի: Մեր կարգախոսը շարունակում է մնալ նույնը՝ դուխով, մարտական, ամուր կանգնած մեր հայրենիքը պաշտպանելու դիրքերում»,-հավելեց վարչապետը: