Բաժիններ՝

Սնանկության կառավարիչը շարունակում է «Նաիրիտի» գույքը վաճառել. Աուդիտը պետք է արագացնել

Երկուշաբթի օրը՝ հունիսի 25-ին, «Նաիրիտ» գործարանի հարցով քննարկումներ կանցկացվեն՝ սնանկության կառավարչի, Էներգետիկ ենթակառուցվածքների և Բնական պաշարների ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ներդրողների, գործարանի և ԱԻՆ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Օրակարգի գլխավոր հարցը գործարանում աուդիտ սկսելու խնդիրն է։

Հիշեցնենք, որ օրերս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու ներդրումային առաջարկով հանդես եկած «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի միջև հուշագիր է ստորագրվել՝ փորձագիտական խումբ ստեղծելու և «Նաիրիտի» վիճակը քննարկելու շուրջ։

«Նաիրիտի» նախաձեռնող խմբի մոտ մտավախություն կա, որ սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը կարող է խոչընդոտել աուդիտի անցկացմանը։ Այդ մտավախության հիմքն այն է, որ թեև մայիսի վերջին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը վստահեցրել էր, թե «Նաիրիտի» սնանկության կառավարչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամանակավորապես դադարեցնել գործարանի գույքի վաճառքի գործընթացը, մինչև կլինի աուդիտի եզրակացությունը, սակայն դա տեղի չի ունեցել, սնանկության գործընթացը սառեցված չէ և ակտիվ շարունակվում է։

168.am-ի տեղեկություններով, երեկ գործարանի տարածքից 4 բարձված բեռնատար է դուրս եկել։ Հայտնի է, որ սնանկությունից հետո գործարանից բավական գույք է հանվել ու վաճառվել շուկայականից ցածր գներով, թեև «Նաիրիտի» տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Մարգարյանը վստահեցնում է, թե այն գույքը, որն անհրաժեշտ է վերագործարկման համար, իրենք խնամքով պահում են։ Այս իրավիճակում միայն աուդիտը կարող է հստակ պատասխանել, թե ինչ վիճակում է գործարանը, ու ինչքան ներդրումներ և ժամանակ կպահանջվի այն վերագործարկելու համար։

Մեզ հետ զրույցում «Նարիրտի» նախկին տնօրեն, այժմ՝ դրա վերագործարկման համար պայքարող Կարեն Իսրայելյանը նշեց, որ ամեն դեպքում աուդիտի արդյունքը դրական կլինի, միայն ներդրման գումարի մեծությունը կարող է ավելանալ և թողարկման ժամկետը 1 տարի 2 ամսվա փոխարեն՝ դառնալ 1 տարի 6 ամիս։

Նա տեղեկացրեց, որ հոլդինգը հարցում է արել կաուչուկի պահանջատերերին Իրան և Եվրոպա՝ ճշտելու համար նրանց պահանջարկը։

«Այսօր արդեն իրանական 1 և եվրոպական 1 ընկերություններ պատրաստակամություն են հայտնել 1 տարի հետո 25 հազար տոննա կաուչուկ գնելու շուկայական գներով։ Սա նշանակում է, որ գործարանն իր արտադրանքն ամբողջությամբ իրացնելու խնդիր չի ունենա»,- ասաց Կ.Իսրայելյանը։

Հիշեցնենք, որ «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց 2016 թ.՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցադիմումի հիման վրա, որին գործարանը 1 մլրդ 200 մլն դրամից ավելի գումար է պարտք։ Գործարանը դադարել է արտադրանք թողարկել 2010 թ. մարտին։

«Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգն այժմ պատրաստ է գործարանի վերագործարկման համար նախնական՝ 25-30 մլն եվրո, հետագայում՝ մինչև 105 մլն եվրո ներդրում իրականացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս