Բաժիններ՝

«Կան մարդիկ, ովքեր ոչ միայն պատրաստ են վերադառնալ Հայաստան, այլև բռնել են ներգաղթի ճանապարհը». Գլենդելի քաղաքապետ

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ կան մարդիկ, ովքեր ոչ միայն պատրաստ են վերադառնալ Հայաստան, այլև բռնել են ներգաղթի ճանապարհը՝ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո։

«Դրանք այն մարդիկ են, ովքեր հոգեբանորեն կապված են եղել հայրենիքին, բայց ինչ-ինչ պատճառներով հեռացել են։ Այս խավի շատ ներկայացուցիչներ լուրջ մտածում են Հայաստան վերադառնալու մասին, իսկ ոմանք արդեն վերադարձել են։

Երկրորդ խումբը՝ պոտենցիալ ներգաղթողների խավը, ԱՄՆ-ում ապրող անապահով խավն է։ Բոլորը չէ, որ ԱՄՆ-ում լավ են ապրում։ Այսօր հատկապես Հարավային Կալիֆոռնիայում կյանքն այնքան է թանկացել, որ մարդիկ ստիպված են նահանգից հեռանալ, սրա մեջ մեծ մաս են կազմում տարեցները։ Կարող է այդ տարբերակը լինել, որ թոշակառուները գան և ԱՄՆ-ից ստացած թոշակը ծախսեն Հայաստանում»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ, եթե ճիշտ մոտեցում լինի պետության կողմից, կլինի մեծ ներհոսք:

Ինչ վերաբերում է Հայաստանում ներդրումներ անելուն, նա նշեց, որ Գլենդելում այս ուղղությամբ շարժ չկա, միայն խոսակցություններ են.

«Երկու ամիս առաջ այդ խոսակցություններն էլ չկային, հիմա այդ խոսակցությունը կա, և որքան տեղյակ եմ՝ հաջորդ 5-6 օրվա ընթացքում փոխվարչապետ Ավինյանն այցելելու է Լոս Անջելես և այնտեղ հանդիպելու է բիզնես շրջանակների հետ։ Դա դրական քայլ է, մեսիջը հետևյալն է լինելու՝ իրավիճակ է փոխվել, պետք չէ վախենալ Հայաստանից, ձեզ ոչ ոք չի խաբելու, օրենքը ձեզ պաշտպանելու է, և այլն»։

Հայաստանի էժան աշխատուժն ու ինտելեկտուալ բարձր մակարդակը, ըստ Սինանյանի՝  գրավիչ են ներդրողների համար. «Դրան էլ եթե ավելացնես հայրենասիրական զգացումները, որն առաջին իմպուլսի համար շատ կարևոր է, ապա լավ կլինի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս