ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խնդիրների իրականացման շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Կարգավորման ուղղությամբ մենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ զբաղվում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Բաքվի ու Երևանի լիարժեք համաձայնությամբ մենք աշխատում ենք, որպեսզի իրականացնենք խնդիրները, որոնք բոլորիս առջև կանգնած են: Որպեսզի դա տեղի ունենա՝ անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի կոնսեսնուսը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ և շարունակում է զբաղվել քաղաքական կարգավորմամբ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման ուղղությամբ: