Հակոբ Արշակյանը մասնակցում է Արևելյան Գործընկերության երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը
Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերության երկրների թվային տնտեսության/տեխնոլոգիաների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման լիագումար նիստում քննարկվել են լայնաշերտ կապի զարգացմանը, տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (RRA-ի) կիրառության նպատակահարմարությանը, կիբերանվտանգությանն ու տեղեկատվական անվտանգությանն առնչվող և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հակոբ Արշակյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Գործընկերության երկրների պատվիրակությունների, ինչպես նաև աշխատանքային խմբի ղեկավար, Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Սերգեյ Պոպկովի հետ։
Եվրոկոմիսարներ Յոհաննես Հաննի և Մարիա Գեբրիելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բլոքչեյն տեխնոլոգիաների կիրառման ոլորտների, արհեստական բանականության, ստարտափների աջակցությանը և կադրերի պատրաստմանը վերաբերող խնդիրները։ Թվային տնտեսության և հանրության եվրոկոմիսար Մարիա Գեբրիելի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 15-ին Սոֆիայում կայանալիք «Startup Summit»-ին ներկայացվածության շուրջ, որին կմասնակցեն նաև հայկական ստարտափներ։
Օրակարգի շուրջ աշխատանքային հանդիպումներ են անցկացվել նաև պատվիրակությունների ղեկավարների հետ։ Նախարարի առաջին տեղակալը աշխատանքային հանդիպում է ունեցել «Ինտեգրալ» ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սոլոդուխայի հետ։ Բելառուսական ընկերությունը զբաղվում է միկրոէլեկտրոնիկայի նախագծմամբ և արտադրությամբ։ «Ինտեգրալ»-ը տրանզիստորների թեստավորման համար օգտագործում է հայկական «Անի տեստ» ընկերության արտադրած ավտոմատ թեստավորման համակարգերը:
Հակոբ Արշակյանին հանդիպման ընթացքում ուղեկցել է նաև Բելառուսում ՀՀ դեսպանությունում Հայաստանի առևտրական կցորդ Կարեն Եսայանը։
Հայկական կողմը ընկերության ղեկավարին հրավիրել է Հայաստան` երկկողմ համագործակցության հնարավորությունները քննարկելու` կիսահաղորդչային սարքերի նախագծման և թեստավորման ոլորտում:
Հակոբ Արշակյանը բելառուսական Բիքլաուդ կենտրոնացված տվյալների մշակման կենտրոնի տարածքում հանդիպել է նաև «Սոֆթլայն» ընկերության հետ։ Քննարկվել են Հայաստանում «Data center»-ի ստեղծման նախագծին առնչվող հարցեր։