«Կառավարության որոշումը բերվել է օրենքի նախագիծ: Թե ինչ է ասել վարչապետի մամուլի խոսնակը, ինձ առանձնապես չի հետաքրքրում». Նաիրա Զոհրաբյանը՝ Արման Եղոյանին

«Ես ասում եմ այն, ինչ արվել է՝ կառավարության որոշումը բերվել է օրենքի նախագիծ։ Ես դահլիճում մոտեցա զեկուցողին, և ինքն էլ հաստատեց։ Հիմա թե ինչ է ասել վարչապետի մամուլի խոսնակը, ինձ առանձնապես չի հետաքրքրում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հակադարձելով վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանին, որը հայտարարել է, թե «Բարեգործության մասին» օրենքում փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որևէ փոփոխություն չի կրել, և օրենքն ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե:

Եղոյանը պնդել է, որ կառավարությունը որևէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետև նման կոմպրոմիսի կարիք չի տեսել:

Մինչդեռ Ն.Զոհրաբյանը օրենքի քվեարկության ժամանակ հայտարարել էր, որ նախագծի հետ կապված «Ծառուկյան» խմբակցությունն ուներ որոշ մտահոգություններ, սակայն քննարկումների արդյունքում մտահոգությունները հանված են, փոխզիջումը գտնված է, և «Ծառուկյան» դաշինքը «կողմ» է քվեարկելու։

Ն.Զոհրաբյանը պարզաբանեց, որ ինքը կոմպրոմիս է դիտարկում այն, որ հարցը, թե ինչը պետք է համարել բարեգործություն, ոչ թե թողնվել է կառավարության որոշմանը, այլ բերվել է օրենքի տեսքով.

«Եթե դու ուզում ես ստանալ արտոնություն կամ բարեգործի մեդալ, միայն այդ դեպքում ես դիմում վարչապետի հանձնաժողովին։ Մնացած դեպքերում անում ես այնպես, ինչպես արել ես։ Մեզ համար դա կոմպրոմիս է»։

Նա նշեց, որ հիմա դա օրենքի կետ է, ինչը հաստատել է նաև արդարադատության փոխնախարարը։

«Այս տեսքով օրենքը միանշանակ բավարարում է մեզ, որովհետև եթե խոսքը վերաբերելու է պարոն Ծառուկյանին, ապա պարոն Ծառուկյանին ո՛չ հարկային արտոնություն է պետք, ո՛չ էլ մեդալ է պետք բարեգործություն անելու համար։ Ամենամեծ շնորհակալանքը՝ ժողովրդի շնորհակալանքն է, որն ինքն ունի։ Իսկ դա ենթադրում է, որ «Ծառուկյան» հիմնադրամը կարող է շարունակել անել իր բարեգործական ծրագրերը՝ առանց որևէ հանձնաժողովի դիմելու»,- ասաց Ն.Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս