«Ցանկանում ենք, որ գա այն օրը, երբ Արցախի հիմնախնդիրը լուծում ստանա». ՀՀ-ում ԱՄԷ դեսպան

ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիից այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում արաբական երկրների հետ։

Ի պատասխան՝ դեսպանը հետևյալն ասաց. «Մեր դիրքորոշումն է հիմնախնդրի խաղաղ լուծումը։ Մենք կողմ ենք, որ ցանկացած հիմնախնդիր խաղաղ լուծվի, լինի այդ խնդիրը մե՞ր տարածաշրջանում, թե՞ այլ։ Իհարկե, ցանկանում ենք, որ գա այն օրը, երբ Արցախի հիմնախնդիրը լուծում ստանա»։

Հարցին՝ Հայաստանի նոր իշխանությունների հետ աշխատանքն ինչպե՞ս է գնահատում, դեսպանը պատասխանեց, որ ինչ կառավարություն էլ գա՝ իրենց համագործակցությունը ժողովրդի և հասարակության հետ է.

«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ չեն փոխվի։ Փոփոխությունները Հայաստանում ներքին են, վերաբերում են միայն հայ ժողովրդին, և մենք համագործակցում ենք այն կառավարության հետ, որին ընդունում է հայ ժողովուրդը։ Հարգում ենք հայ ղեկավարությանը, գնահատում ենք երկու երկրների միջև համագործակցությունը»։

Տեսանյութեր

Լրահոս