«Էջմիածնում ավտոմատներով հարձակվում էին հիմնարկների վրա, գումարներ էին խլում, երեխաներ էին գողանում-վաճառում». Հրաչ Բերբերյան

«Կարծում եմ, որ մեզ մոտ շատ բարի տրամադրություններով ենք առաջ գնում, բայց հետո տեսնում ենք, որ մեզանում լինում են մանվելներ, տարբեր մարդիկ, հետո ասում ենք՝ էս ո՞նց եղավ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Տարիներ առաջ Բերբերյանն աշխատել է Էջմիածնում և հետաքրքիր մանրամասներ հիշեց գեներալ Մանվել Գրիգորյանի արարքների վերաբերյալ։

«Ես երկար տարիներ Էջմիածնում եմ աշխատել, և Արշալույսի տնտեսությունը մեր ենթակայության տակ է եղել։ Այդ ժամանակ Արշալույս գյուղում Մանվելն աշխատում էր վարորդ, նրան ես շատ լավ ճանաչում եմ։ Մանվելին ծնող էր պետք, ավելի շուտ՝ հովանավոր, որը Վազգեն Սարգսյանն էր։ Իմանալով նրա թերությունները՝ շատ բան ներվեց։ Չէ՞ որ Էջմիածնում այնպիսի խայտառակ բաներ էին կատարվում, ավտոմատներով հարձակվում էին հիմնարկների վրա՝ գումարներ էին խլում, բա ինչի՞ ժողովուրդը դրա մասին չի հիշում։ Մեր միավորման հիմնարկների վրա հարձակվում՝ գումարներ էին խլում, հետո այդ գումարները պետք է փոխանցվեր, ես դրա դեմն առնում էի, որ չսնանկանանք։ Իմ գրասենյակի վրա կրակել են»,- պարզաբանեց Բերբերյանը։

Մեր զրուցակիցը չի մոռացել նաև հետևյալ միջադեպը. «Երբ գինեգործարանի տնօրենին դուրս էին շպրտում ավտոմատներով, որ իրենց պապան գա այնտեղ աշխատի, գիտեք՝ մոռացե՞լ եմ։ Ավտոմատով դուրս շպրտեցին գինու գործարանի տնօրենին, որ իրենց հայրն այնտեղ աշխատի, հետո էլ ասում են՝ պետությունն է մեզ տվել»։

Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց, թե պետությունն իր հորը գինու գործարան է տվել։ «Խի, էս պետությունը մեզ սովա՞ծ է թողել, որ պետք է գնար՝ «տուշոնկա» գողանար»։

«Երեխաներ էին գողանում-վաճառում. Բաղրամյան տնտեսության տնօրենի երկու երեխաներին գողացան, մեքենաներ էին գողանում։ Փարաքարի գինու գործարանի տնօրենին սպանելու էին, եթե իմ մեքենան չկանգներ, այդ գործարանի վրա էլ աչք ունեին, դա էլ ուրիշ խմբավորում էր՝ Փարաքարի խմբավորումն էր։ Ծանր ժամանակներ ենք ապրել»,- ասաց Բերբերյանը՝ հստակեցնելով, որ այդ ամենը տեղի է ունեցել 1990-95թթ.։

Հրաչ Բերբերյանին գոհացնում են վերջին օրերի բացահայտումները. «Ոչ ոք անպատիժ չպետք է մնա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս