
Սուրեն Պապիկյանը Հայաստանի ազգային արխիվի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի ազգային արխիվի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նախարարը հայտարարեց, որ իր պաշտոնավարման սկզբնական օրերին քաղաքացիներից բաց նամակ էր ստացել` արխիվում կատարվող չարաշահումների հետ կապված մտահոգությամբ, հարուցվել է վարչական վարույթ և աշխատանքային խումբը շուրջ մեկ ամիս աշխատել է արխիվում:
«Ի հայտ եկած տվյալների հիման վրա երեկ ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որովհետև նյութերում առկա են քրեական որոշ դրվագներ, որը իրավապահները կորոշեն»,- ասաց նախարարը:
Ս.Պապիկյանը նաև նշեց, որ արխիվի աշխատակիցները դիմել են իրեն և հանդիպում են պահանջել` նշելով, որ վարույթ հարուցելն ու դատախազին դիմելը ճիշտ չէ, արխիվի ղեկավարը լավ մարդ է: Սակայն, ինչպես նշեց նախարարը, օրինակ, աշխատակիցները գիտե՞ն, որ հաշվապահը կարող է ստանալ 650 հազար դրամ հավելավճար այն պարագայում, երբ իրենք ստանոմ են 60-80 հազար դրամ աշխատավարձ.
«Սա ինձ մոտ խնդիր է առաջացնում: Ես պարտավոր եմ հայտնել իրավապահներին և նրանք կորոշեն՝ արդյոք դա իրենից ենթադրո՞մ է քերական պատասխանատվություն, թե՞ ոչ»:
Ս.Պապիկյանը նշեց նաև, որ մարդկանց չեն թույլատրում օգտվել արխիվային ֆոնդից, բայց դա կամայական որոշում է, գնացուցակը որոշվում է արխիվի ղեկավարի կամայական որոշմամբ, հնգամյա պլան պետք է ներկայացվեր նախարարին, բայց չի ներկայացվել.
«Տնօրենը խոստովանել է, որ արել է այդ չարաշահումները: Կարծում եմ` սա մեկնաբանության կարիք չունի և իրավապահ մարմինների տիրույթում է»: