
Սփյուռքի նախարարությունը Մանվել Գրիգորյանի գործունեության վերաբերյալ ստացված տեղեկությունները ուղարկել է ՀՔԾ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում և առանձնատանը ԱԱԾ կողմից իրականացված գործողությունների և դրանց արդյունքում տեղ գտած բացահայտումների հանրայնացումից հետո ՀՀ սփյուռքի նախարարությանն իրենց վրդովմունքն ու խորը մտահոգությունն են հայտնել արտերկրի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարբեր երկրներից հայրենակիցները տարաբնույթ տեղեկություններ են հաղորդել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների և համագործակցության ձախողված փորձի մասին։
Նախարարության կողմից ստացված տեղեկատվությունը, ըստ կարգի, սփյուռքի նախարարի կողմից փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով ընթացք տալու համար։
«ՀՀ սփյուռքի նախարությունը, լինելով Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև հարաբերությունները համակարգող մարմին, հետամուտ է լինելու արտերկրում բնակվող հայերին մտահոգող հարցերին պատասխաններ տալուն»,- ասված է հաղորդագրության մեջ: