Արյունաբանական կենտրոնի անձնակազմը դեմ է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի նշանակմանն առանց իրենց համաձայնության
Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկների մի մասը բոյկոտում է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանի նշանակումը՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու: Անձնակազմի ներկայացուցիչներն իրենց ձայնը լսելի դարձնելու պահանջով հավաքվել են կենտրոնի բակում:
«Հայաստանի արյունաբանության ոլորտի մասնագետների 90 տոկոսն այս կենտրոնում է: Եվ այդ մարդկանց կարծիքը պետք է հաշվի առնեն: Գլխավոր արյունաբանի նշանակման համար պետք է արդար, թափանցիկ ընտրություններ լինեն: Ես ոչ ոքի դեմ ոչինչ չունեմ: Թող հարցնեն՝ կենտրոնի անձնակազմն ում է ուզում տեսնել որպես գլխավոր արյունաբան»,-ասաց Իմունաֆենոտիպավորման և մոլեկուլային կենսաբանական լաբորատորայի ղեկավար Ալին Յակոբի Այվազը, ով 5 տարի առաջ է եկել Սիրիայից և հիմնել նոր դիագնոստիկ մեթոդ:
Անդրադառնալով նրան, որ նորանշանակ ԱՆ գլխավոր արյունաբանը մասնագիտացմամբ մանկական արյունաբան-ուռուցքաբան է՝ նա ասաց, որ կենտրոնում 3-4 անգամ ավելի շատ մեծահասակ հիվանդներ են ունենում, քան երեխաներ:
Լրագրողի դիտարկմանը, որ գլխավոր մասնագետ ընտրելիս մյուս մասնագետներից չեն հարցնում, բժիշկներից մեկն ասաց՝ ուրիշ շատ արյունաբաններ իրենց մոտ են գնում:
Կենտրոնի բակում հավաքված բոլոր բժիշկների պահանջը նույնն էր: Շատերը կարևորեցին նախքան նշանակում անելը ոլորտի մասնագետների հետ քննարկելը, նրանց կարծիքը հաշվի առնելը: Նրանք նշեցին՝ պատրաստվում են իրենց ձայնը լսելի դարձնել: Ոմանք շեշտեցին՝ անակնկալի են եկել, գուցե, իրենք համաձայն են այդ որոշմանը, պարզապես պետք էր իրենց էլ տեղյակ պահել:
Բժիշկներից ոմանք փաստեցին՝ վերջին 10 տարիների ընթացքում մանկական արյունաբանությունը նահանջ չի ապրել:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան է նշանակվել Սամվել Դանիելյանը: Մամուլում լուրեր էին շրջանառվում՝ նախկին գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանն իրականում մասնագիտությամբ արյունաբան չի եղել: Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: