«Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանի իշխանությունը կախում չունի արտաքին որևէ ուժից». Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ երկկողմ համագործակցության շրջանակում պետությունների սուվերենության հարգման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը շատ կարևոր մեսիջ էր։
Նրա խոսքով՝ ոչ միայն պետք է խոսել ինքնիշխանության, այլև իրավահավասարության մասին.
«Մեր հիշողության մեջ շատ թարմ է այն, որ ռուսաստանյան գործիչները ՀՀ-ն անվանում են Ռուսաստանի ֆորպոստ, շահերի իրականացնող, իսկ ՀՀ-ն իր վարքով, ցավոք սրտի, ցույց էր տալիս, որ այդպես է։ Սրանք կարևոր մեսիջներ են, և գոնե այս փուլի համար ամենակարևոր հիմնասյունն է, որի վրա մեր քաղաքականությունը պետք է խարսխվի։ Նաև այն, որ, օրինակ՝ եվրոպական տարբեր դեսպաններ գալիս-հանդիպում են, սա էլ է մեծ փոփոխություն մեզ համար։ Այսօր մեր երկրի ղեկավարությունը խնդիր չունի հանդիպումների, հանդիպել ցանկացողների թիվը շատ է»։
Ըստ Պապյանի՝ սա նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ հարգանքը պետք է ավելացնի.
«Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանի իշխանությունը կախում չունի արտաքին որևէ ուժից, այդ թվում՝ Ռուսաստանից, այլ կախված է սեփական ժողովրդից»,- ասաց նա։
Վերջինս նաև կարևորեց ՀՀ-ի ղեկավարության՝ դեպի Իրան, եվրոպական երկրներ այցելությունները: Նա հույս ունի, որ հետայսու ականատես կլինենք ավելի գործնական ու շոշափելի արդյունքների։
Նախորդ իշխանությունները, ըստ նրա՝ հաճախ են շահարկել հայ-ռուսական հարաբերությունները՝ սեփական շահի տեսանկյունից.
«Օրինակ՝ գազի մատակարարման հարցը։ Ելնելով նոր վարչապետի այն հայտարարությունից, որ դա ներպետական հարց է, պետք է լուծենք երկրի ներսում, ես հասկանում եմ, որ դա պետք է լուծենք հետևյալ ձևով. Ռուսներն ասացին՝ խնդիրը ձերն է, մենք սահմանին տալիս ենք 150 դոլարով, ներսում խնդիրը ձերն է։ Նախորդ իշխանությունները դժգոհության սլաքներն ուղարկում էին Ռուսաստանի դեմ, թեև միշտ հանդես էին գալիս իբր հայ-ռուսական հարաբերությունների ջատագով։ Հիմա վստահ եմ, որ առաջիկայում դրական փոփոխություններ կտեսնենք նաև գազի գնի հարցում»։