ԱԱԾ տնօրենը՝ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության մասին

«ԱԱԾ-ն իր անելիքներն արել է, եթե օպեատիվ մասով ինչ-որ խնդիրներ կլինեն, մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը»,- այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության սենսացիոն բացահայտումներին։

Հրաժարվելով բացահայտել օպերատիվ քննության մասը՝ նա միայն նշեց, որ տեղյակ եղել են առանձնատանը պահվող զինվորական պարագաների, սննդամթերքի, զինամթերքի և այլնի մասին։

Նա նշեց, որ քննություն է ընթանում, լինելու է հարցաքննություն, որի շրջանում եթե լինի ինչ-որ խնդիր այլ քննչական և օպերատիվ գործողությունների, դրանք էլ կարվեն։

Հարցին՝ զինվորների սնունդի գողության վերաբերյալ խոսակցություններ միշտ են եղել, կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱԱԾ-ն նախկինում թերացել է, նա պատասխանեց. «Ես ենթադրություններով չեմ խոսում, խոսում եմ փաստերով։ Փաստն այսօր ունենք, արձանագրում ենք»։

Լրագրողները հետարքրքվեցին՝ նման աղմկահարույց բացահայտումներ նորից սպասվո՞ւմ են, նա պատասխանեց. «Մենք աշխատում ենք մեր բնականոն աշխատանքով, եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի, կազմակերպությունների կողմից իրականացված ապօրինությունների մասին, արձագանքը կլինի համապատասխան»։

Նա ընդգծեց, որ ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ. «ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և ես թույլ չեմ տա, որ երբևիցե զբաղվի։ Այլ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների տներում խուզարկություններ չեն լինելու, եթե չլինեն անհրաժեշտ հստակ, ստույգ տվյալներ։ Եթե կլինեն՝ ապա նույն վերաբերմունքին կարժանանա ցանկացած մարդ, ով խախտել է ՔՕ-ն, և մենք ունենք համապատասխան ստույգ տվյալներ։ Մենք որևէ տեղ ձևական չենք գնում, մենք գնում ենք, երբ ունենում ենք օպերատիվ տվյալներ, որոնց իսկության մեջ համոզված ենք։ ԱԱԾ-ն որ րոպեին բացահայտում և սկսում է գործել, ապա այդ գործն ունենալու է դատական վախճան»։

Տեսանյութեր

Լրահոս