«Այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն». Նիկոլ Փաշինյան

«Առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ ուզում եմ արձանագրենք, որ մենք գործ ունենք, թերևս, Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ, և սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով շոկային են հայ հանրության համար»,- այսօր կառավարության արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱԱԾ պետին՝ կատարված աշխատանքի համար։

Նա ասաց, որ առաջիկա օրերին թեմայի վերաբերյալ խորհրդակցություն կհրավիրի. «Ես հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով, որովհետև գործ ունենք կոռուպցիոն մեծամասշտաբ երևույթի հետ, գործը հանձնվել է ՀՔԾ-ին, և հույս ունեմ, որ Գլխավոր դատախազությունը կապահովի պատշաճ դատական քննության մակարդակը։ Ասեմ, որ ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի այս գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն՝ անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից։ Այս գործը պետք է մինչև վերջ բացահայտվի, և ինչպես մյուս բոլոր դեպքերում, որևէ արգելակներ և խոչընդոտներ չկան ու չեն կարող լինել»։

Վարչապետն ընդգծեց՝ կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու. «Մենք հայտարարել ենք, որ ՀՀ-ից կոռուպցիան արմատախիլ է արվելու, և որևէ մեկը չկասկածի, որ մենք այս նպատակին հասնելու ենք ամենավճռական և ամենաարդյունավետ քայլերով։ Հիմա կարող ենք հստակ արձանագրել, որ երկար տարիներ մեր արած այն պնդումները, որ երկիրը սիստեմատիկ կերպով թալանվել է, հիմնավորվում են, և այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն»։

Փաշինյանը երբեմն այնպիսի տպավորություն է ստանում, թե իրավապահ համակարգի որոշ կառույցներ դադարի վիճակում են. «Ոմանց թվում է, թե այս հայտարարությունները շարքային հայտարարություններ են, և ժամանակը կանցնի, բոլորը կմոռանան, թե ինչի համար են հավաքվել։ Ես չգիտեմ՝ բոլորը կմոռանա՞ն, թե՞ ոչ, բայց ես ինքս չեմ մոռանա դրա մասին, և հույս ունեմ, որ իրավապահ համակարգը լրջորեն կմտածի կոռուպցիայի դեմ պայքարի իր արդյունավետությունը բարձրացնելու մասին, և մենք ստիպված չենք լինի այս թեմային մի քանի անգամ անդրադառնալ»։

Տեսանյութեր

Լրահոս