«Ստոր գործողություններ է իրականացվել, որը որևէ կերպ չի կարող բնութագրվել՝ որպես ազգային հերոսի գործելաոճ»
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս չի քննարկել, թե ինչպես կքվեարկի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով դատախազի միջնորդությանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույների ժամանակ հայատարարեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` հավելելով, սակայն, որ այսքանից հետո, բնականաբար, հասկանալի է, թե ինչ վերաբերմունք պետք է լինի:
«Ստոր գործողություններ է իրականացվել զինվորի, բանակի, ՀՀ-ի դեմ, որը որևէ կերպ չի կարող բնութագրվել՝ որպես ազգային հերոսի գործելաոճ»,- ասաց Վ.Էնֆիաջյանը:
Ըստ նրա` օրենքի առջև պետք է պատասխանատվության ենթարկվեն մեղավորները:
Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցությունում էլ կան պատգամավորներ, որոնց հետ կապված քրեական պատմություններ են հրապարակվել, արդյոք նրանք կողմ կքվեարկե՞ն, Վ.Էնֆիաջյանը պատասխանեց, որ խմբակցության որոշումը բոլորի համար է.
«Որ դուք ներկայացնում եք, թե մամուլում ինչ-որ հրապարակումներ են եղել, մենք խոսում ենք փաստերով, օրենքով: Կոնկրետ այս պահին կոնկրետ փաստով խոսում ենք, և մեր վերաբերմունքը լինելու է շատ կոշտ»:
Ըստ նրա` ՀՀ-ում բոլորը պետք է գիտակցեն, որ մթնոլորտ է փոխվել, և օրենքի գերակայություն պետք է լինի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ազգային հերոսի կոչումից զրկելու հարցը որոշում է դատարանը, և հաշվի առնելով, որ Գրիգորյանի դեպքում հանցանքը ծանր է, դատարանը լիարժեք իրավասու է կիրառել այդ պատժատեսակը:
«Ես չեմ կարծում, որ այս երկրում կա մի միամիտ մարդ, որ մտածում է, որ այդ ամեն ինչը պարփակված է ընդամենը մի անձի շրջանակներով»,- ասաց Գ.Պետրոսյանը` հավելելով, որ իրաապահները պետք է բացահայտեն նաև օժանդակողներին ու պատասխանատուներին:
«Ավելի արգահատելի, պարսավելի երևույթ ուղղակի չէր կարելի պատկերացնել»,- ասաց Պետրոսյանը: