«Ես հիասթափվել եմ նոր իշխանություններից». Սամվել Խուդոյան
Հոգեբան Սամվել Խուդոյանը Հայաստանի նոր իշխանությունների հետ որևէ հույս չի կապում։
«Ես շատ էի ոգևորվել, բայց գիտության մասով որևէ բան չի փոխվելու, նույնը շարունակվելու է՝ հովանավորչություն, կաշառակերություն, պետական փողերի մսխում, գրագողերի հովանավորչություն, ընկեր-բարեկամ սկզբունքով շարժվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հոգեբանը։
Սամվել Խուդոյանը նկատեց՝ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընկերն էր, և ըստ հոգեբանի՝ այն ժամանակ նրան ոչ ոք ոչինչ ասել չէր կարող.
«Բայց հիմա, որ նրան նշանակել են, ես արդեն ընդհանրապես հիասթափվել եմ նոր իշխանություններից, որովհետև այդ մարդն առանց մախինացիայի չէր վերանշանակվի։ Դա անհնար էր։ Դա նույնն է, որ իշխանությանն ասեն՝ ո՞ւմ կնշանակես Երևանի քաղաքապետ, ասի՝ Տարոն Մարգարյանին»։