«Հայաստանում լրագրողները մասնագիտական բարձր մակարդակի վրա են». Դմիտրի Միխայլին
«Русские Репортеры» կազմակերպության գլխավոր տնօրեն, մեդիա-մենեջեր Դմիտրի Միխայլինն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հայ սկսնակ լրագրողներն անգամ իրենց պատրաստվածությամբ գերազանցում են շատ երկրների միջին աշխատանքային փորձ ունեցող լրագրողներին.
«Մենք շատ երկրներում ենք եղել, շփվել տարբեր լրագրողների հետ, և կարող եմ ասել, որ Հայաստանում լրագրողները մասնագիտական բարձր մակարդակի վրա են, անգամ սկսնակ լրագրողների մակարդակն ավելի բարձր է, քան շատ այլ երկրների միջին աշխատանքային փորձ ունեցող լրագրողների մակարդակը»։
Հայաստանում, ըստ նրա՝ բարձր մակարդակի վրա է նաև ֆոտոլրագրությունը.
«Անգամ երիտասարդ աղջիկները հոյակապ լուսանկարներ են անում։ Օրինակ՝ ես ֆոտոխցիկ ունեմ պայուսակիս մեջ, բայց այդպիսի նկարներ չեմ կարող անել։ Երկրորդ՝ նրանց գլուխներում ազատության բարձր մակարդակ կա, որը կապված է ամբողջ երկրում ազատության բարձր մակարդակի հետ։ Լրագրողները ստանդարտ չեն մտածում։ Երրորդ՝ ինձ ուրախացրեց նաև ռուսաց լեզվի իմացությունը. մենք չենք հանդիպել մի մարդու, որ ռուսերեն խոսել չիմանար։ Այսինքն՝ մարդիկ ռուսերենն ամբողջապես օգտագործում են»։
«Русский Репортер» ամսագրի գլխավոր խմբագիր Վիտալի Լեյբինն էլ նշեց, որ հետաքրքրված են հայկական մեդիադաշտով։
Անդրադառնալով լրագրության ոլորտում եղած ճգնաժամին՝ նա ասաց, որ աշխարհում շատ է անվճար, էժանագին ինֆորմացիան, որը տարբեր որակներ ունի.
«Կան բաներ, որ պրոֆեսիոնալը չի կարող անել, որովհետև նա ուշ է հասնում դեպքի վայր։ Այդ գործն անում է ոչ պրոֆեսիոնալը, որին լսարանը չի տարբերում։ Այս դեպքում պրոֆեսիոնալի համար դժվար է փող պահանջել, երբ աշխարհում շատ է ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը»,- նկատեց նա։