«Ես դա ընկալում եմ՝ որպես Պեսկովի հայտարարությունն աշխարհին, որ Ալիևը պատրաստ չէ բանակցությունների». Թևան Պողոսյան
«Շատ ուրախ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվետվության նման՝ հանրությանը կարճ վիդեոուղերձ ուղարկեց Մոսկվայից, որ եղել են շատ դրական հանդիպումներ, կա դրական աուրա՝ Պուտինի հետ շփումների անձնական դաշտում, ինչը տալիս է հնարավորություն, որ բոլոր խնդիրները կբարձրաձայնվեն և ինչ-որ չափով լուծումներ կգտնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։
Թ. Պողոսյանի խոսքով՝ հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության հետ կապված: Հիշեցնենք, որ երեկ Պեսկովը հայտարարել էր.
«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում չի ծրագրվում, քանի որ ՀՀ նախագահը չի մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը»:
«Ես կմաղթեմ, որ մեր մամուլն ու հանրությունը փորձեն նաև նոր մշակույթով վերաբերվել տեղեկատվության օգտագործմանը։ Ցանկացած տեղեկություն պետք է կարողանանք օգտագործել՝ մեր շահերից ելնելով, մեր նպատակներն առաջ տանելու համար։
Եթե հարցն այդպիսին է եղել, և պատասխանն այդպիսին է եղել, ապա ես դա ընկալում եմ՝ որպես Պեսկովի հայտարարությունն աշխարհին, որ Ալիևը պատրաստ չէ բանակցությունների, չի ցանկանում հանդիպել և բանակցել, ինչը մեկ անգամ ևս շեշտում է, որ Ալիևը և Ադրբեջանը պատրաստ են Արցախի հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով, մենք էլ պետք է դրան պատրաստ լինենք»,- ասաց Թևան Պողոսյանը։