Բաժիններ՝

«Պահանջում եմ, հրահանգում եմ և հրամայում եմ` չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները». Նիկոլ Փաշինյանը՝ Վալերի Օսիպյանին

Այսօր կառավարության նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ Ոստիկանությանն առաջարկում են ոչ թե սահմանափակել շարժական տեխնիկական միջոցների կիրառումը, այլ դրանց օգտագործման մասին հանրային իրազեկվածություն ապահովող կարգավորումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրությունը գիտի 3 տիպի շարժական սարքերի մասին` Պետավտոտեսչության մեքենաների մեջ տեղադրվածները, ժամանակ առ ժամանակ հանրությունում խուճապային լուրեր են հայտնվում, որ ինչ-որ մեքենաներ են բերել, որոնցում տեղադրել են խախտումները ֆիքսող սարքեր, և ոստիկանների համազգեստի վրա տեղադրվածները:

Նա հետաքրքրվեց, թե որ դեպքերին է վերաբերում:

Վ.Օսիպյանը պատասխանեց, որ վերաբերում է 2-ին` մեքենաները հատուկ կահավորված են լինելու տարբերանշանով, որը վարորդներին թույլ կտա նախապես տեսնել, և այդ հատվածներում նախազգուշացնող ցուցանակներ կլինեն: Ն.Փաշինյանի խոսքով` հակասությունների մեջ ենք մտնում. մի կողմից ասում ենք՝ մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ ավելացնենք շրջիկ մեքենաները.

«Կարծում եմ՝ այստեղ պրոբլեմ ունենք»:

Ինչ վերաբերում է ոստիկանական համազգեստների վրա ամրացված տեսախցիկներին, ապա, Ն.Փաշինյանի կարծիքով, այստեղ նույնպես խնդիր կա, թեև հիմնավորումներում գրված է, որ դրանք ակնհայտ երևում են, բայց բարձրացված հարցերը լուրջ լեգիտիմություն ունեն, ընդհանուր ձևակերպումների խնդիր կա:

Նա հետաքրքրվեց՝ շրջիկ մեքենաները հիմա գործո՞ւմ են, թե՞ ոչ, և ի՞նչ երաշխիք կա, որ ոստիկանը նախազգուշացնում է, որ տեսանկարահանում է: Վ.Օսիպյանը նշեց, որ Փաշինյանի հանձնարարականն ուսումնասիրվում է, և շուտով օրինագիծ կներկայացնեն, բայց այդ արագաչափերը, տեսանկարահանող սարքերն ունեն զսպվածության էֆեկտ:

Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանը պարտավոր է տեղեկացնել քաղաքացուն տեսագրման մասին, և կա դեպք, որ ծառայողական քննություն է իրականացվում, քանի որ տեսագրման մեջ բացակայում է ոստիկանի զգուշացումը:

Ն.Փաշինյանի հարցին ի պատասխան` Վ.Օսիպյանը տեղեկացրեց, որ, եթե տեսագրության մեջ չկա նախազգուշացում, դա քաղաքացու դեմ չի կարող օգտագործվել:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե քաղաքացին կարո՞ղ է հրաժարվել տեսանկարահանումից:

Օսիպյանը պատասխանեց, որ իր ցանկությամբ կարող է հրաժարվել, բայց ելնելով իրավիճակից՝ ոստիկանը կարող է շարունակել: Զեյնալյանը պնդեց, որ շրջիկ մեքենաներն ապահովված լինեն առկայծող փարոսիկով:

«Ես ներողություն եմ խնդրում, բայց մեր մտքերի ընթացքն ինձ դուր չի գալիս, անկեղծ ասած: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ բռնել, տուգանելու քաղաքականությունը, հիմա դուք քննարկում եք` մենք ավելի շատ փարոսիկո՞վ տուգանենք, թե՞ առանց փարոսիկի: Սա լավ տրամաբանություն չի»,- ընդհատեց վարչապետը` շեշտելով, որ քաղաքական տրամաբանությունը պետք է ընդունել ի գիտություն և հակասող գործողություններ չանել: Նա հարցադրում արեց` այս միջոցներով ապահովվո՞ւմ է երթևեկության անվտանգությունը, թե՞ ֆիսկալ քաղաքականություն է: Ն.Փաշինյանը նշեց, որ այս ամեն ինչը տեղի չի ունեցել, որ մենք «պուճուր քայլերով վերադառնանք հին տրամաբանությանը»:

Ն.Փաշինյանը նշեց, որ ժամկետային հրատապություն չկա, խնդրին պետք է փաթեթային լուծում տալ, և պահանջեց իրեն ներկայացնել նախորդ մեկ ամսվա և նախորդ տարվա նույն ամսվա տուգանքների վիճակագրությունները.

«Չի լինելու այդ բանը, չի լինելու: Պետք է դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկել, որովհետև դա հավելյալ հարկ է քաղաքացիների վրա: Ճանապարհների որակով լուծեք երթևեկության անվտանգության խնդիրը, որ մարդը ստիպված չլինի ճանապարհի կենտրոնում անդունդի հանդիպի, որ պտտի, թռնի ձորը: Ճանապարհային նշաններն ի՞նչ վիճակում են մեր երկրում: Զուգահեռ 7 գծանշում կա, մարդու աչքերը սենց են լինում, չգիտի որին հետևի: Մենք լուծե՞լ ենք ճանապարհային նշանների տեսանելիության խնդիրը: Բա ինչի՞ ենք անընդհատ ասում՝ փարոսիկ դնենք, որ մարդը տեսնի` «ժպտացեք, ձեզ տուգանում են»: Չի՛ լինելու այդ բանը: Ես հասկանում եմ` կա համակարգի պրոբլեմ, բայց չի լինելու այս բանը, քաղաքացին տուգանքի մատերիալ չի»,- հայտարարեց Ն.Փաշինյանը: Վ.Օսիպյանը վստահեցրեց, որ, երբ օրենքի նոր նախագիծը ներկայացնեն, պարզ կլինի, որ տուգանքների իջեցում է նախատեսվում, իսկ այս փոփոխությունը կարգավորում է, որ անպատժելիության մթնոլորտ չձևավորվի:

Ն.Փաշինյանը պնդեց, որ երթևեկության անվտանգության հարցը մշակութային բաղադրիչ ունի, ու եթե երթևեկության մասնակիցները միմյանց հարգանքով չվերաբերվեն, խնդիրը չի լուծվի, տուգանքները խնդիրը չեն լուծում:

«Պահանջում եմ, հրահանգում եմ և հրամայում եմ` չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները, որովհետև սա քաղաքական պահանջ է և հստակ ձևակերպված է եղել»,- հայտարարեց Ն.Փաշինյանը` ոստիկանապետին հանձնարարելով բացառել անպատժելիության մթնոլորտը, «գոլդ» պետհամարանիշերին հասցեական մոտեցում ցուցաբերել, որ նրանք օրենքով վարեն:

Ն.Փաշինյանի խոսքով` նոր ժամանակներում պետք է նոր մոտեցումներով լուծել խնդիրը, ոչ թե հինը «ծյունինգ» անել: Նա հայտարարեց, որ հարցը հետաձգվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս