
«Մեզ տրվող գազի սակագինը բացառիկ է, բայց մենք առավել բացառիկ գին ենք ուզում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Այդ ընթացքում RT-ին տված հարցազրույցում վարչապետը պատասխանել է գազի սակագնի վերաբերյալ հարցին:
Լրագրողը գազի սակագնի հարցը անվանել է խնդրահարույց, ապա խնդրել է ՀՀ վարչապետին ներկայացնել իր դիրքորոշումը:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզարահանգման, որ դա ներհայաստանյան խնդիր է. սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, բայց մինչ սպառողներին հասնելը, երկրի ներսում այն գրեթե երկու անգամ թանկանում է. «Այս խնդիրը մենք պետք է վերլուծենք ու պարզաբանենք մեր երկրի ներսում, հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ»:
ՀՀ վարչապետը, հստակեցնելով ռուսաստանյան սակագների շուրջ դժգոհությունների առկայության հանգամանքը, նշել է, որ Հայաստանը, իհարկե, ցանկանում է գազ ստանալ ավելի ցածր սակագնով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: