Բաժիններ՝

Հայտնի է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը

Հայտնի է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը: Թավջութակ մասնագիտությամբ անցկացված մրցույթում հաղթեց Ջոնաթան Սվենսենը (Դանիա): Երկրորդ մրցանակը ստացավ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն): Երրորդը հորիզոնականը կիսեցին Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն) և Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն):

Մրցույթի առաջին մրցանակակիրը ստացավ 15 հազար, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը՝ 10 հազար, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը՝ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևներ: Դափնեկիրների անունները հայտնի դարձան հունիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում:

Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ: Մասնավորապես, «Մրցույթի լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգում մրցանակ հանձնվեց պրոֆեսոր Արմեն Բաբախանյանին: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացավ Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն): Վասիլի Ստեփանովին (Ռուսաստանի Դաշնություն) հանձնվեց հատուկ մրցանակ՝ Արամ Խաչատրյանի սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանության համար: Տրվեցին նաև մի շարք այլ հատուկ պարգևներ:

«Ինձ համար անկանխատեսելի էր մասնակիցների այս մակարդակը: Բոլոր երաժիշտները ֆանտաստիկ էին, հիասքանչ: Նրանց կատարումները շատ լավն էին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ, հանրահայտ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Նշենք, որ մրցույթը նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Պենդերեցկին ասաց, որ հանդիպել է Խաչատրյանին: «Նա մեզ այցելեց Կրակովի մեր տանը, շատ տարիներ առաջ: Շատ ջերմ մարդ էր: Մենք հանդիպեցինք, և 10 րոպե հետո դարձանք ընկերներ: Նա իսկապես հիանալի երաժիշտ էր և մարդ»,-վերհիշեց խաչատրյանական մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահը:

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին էլ ընդգծեց, որ ստուգատեսին մասնակցել են իսկապես շատ պրոֆեսիոնալ և բարձր կատարողական որակ դրսևորած երաժիշտներ:

«Շատ հետաքրքիր երաժիշտներ են, մեծ ապագա ունեն: Կարևորում եմ այն, որ բոլոր մասնակիցները սովորեցին Արամ Խաչատրյանի երկու ստեղծագործությունները: Սա շատ լավ առիթ էր, մանավանդ, հաշվի առնելով այն փաստը, որ եզրափակիչ փուլ անցած բոլոր երաժիշտներն արտասահմանից էին: Այսպես կարելի է նաև հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը»,-նշեց մրցույթի ժյուրիի նախագահ Սուրեն Բագրատունին:

Նշենք, որ մրցույթի հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես եկավ Խաչատրյանի մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ում հովանու ներքո էլ անցնում է մշակութային տոնը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում էր թավջութակ մասնագիտությամբ, հունիսի 6-14-ը: Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին հեղինակավոր երաժիշտներ: Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս