Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի նորանշանակ դատավորներին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով եղել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ տեղում հանդիպելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև ներկայացնելու նորանշանակ դատավորներ Մեխակ Գևորգյանին և Սերգեյ Չիչոյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, շնորհավորելով նորանշանակ դատավորներին՝ խորհրդի նախագահը նշեց, որ նշանակալի է դատավորների դերն արդարադատության կայացման և դատական իշխանության հեղինակության բարձրացման գործում և հույս հայտնել, որ նրանք իրենց գիտելիքն ու փորձն ամբողջությամբ կուղղեն այդ նպատակին:
Կոտայքի մարզի նորնանշանակ դատավոր Մեխակ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել՝ խոստանալով արդարացնել հույսերը:
Սերգեյ Չիչոյանն էլ իր հերթին նկատել է, թե երբ Գյումրիում Շիրակի դատարանին առաջարկվեց դառնալ օրինակելի դատարան, իր մեջ խոսել է գավառցու պատիվը, և անելու են ամեն ինչ, որպեսզի Գեղարքունիքի մարզի դատարանն էլ դասվի օրինակելի դատարանների շարքին:
Գագիկ Հարությունյանն առանձնահատուկ շեշտադրել է դատավորի ներքին անկախության գործոնը, դատավորի կամ դատարանի նախագահի գործունեությանը ցանկացած միջամտության բացառումը, ինչն ուղիղ համեմատական է արդար դատաքննություն իրականացնելու հիմնական գործառույթին: «Մինչև հիմա մեր գործունեության ընթացքում բացառիկ ուշադրություն ենք դարձրել, որպեսզի դատավորներն անկախանան բոլոր մակարդակներում, կարողանան իրենց լիարժեք անկախ զգալ արդարադատական ֆունկցիան կատարելիս և լիարժեք հաշվետու՝ օրենքի առաջ: Մեզ համար առանցքային է նաև հասարակության վստահության բաղադրիչը, հանրային կարծիքի հետ հաշվի նստելու հանգամանքը»,- նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև դատավորների պատշաճ վարքն ու օրենքի առաջ մեծ պատասխանատվությունը, որոնք դատական իշխանության համալիր բարեփոխումների մաս են կազմում: «Անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ ունենալու թափանցիկ արդարադատական համակարգ: Մշակվում է մշտադիտարկման համակարգը, որը թույլ կտա ուշադրության կենտրոնում պահել դատավարությունների ողջ գործընթացը, իսկ առանձին ցուցիչներին հետևելով՝ հնարավոր կլինի արագ արձագանքել առաջացած խնդիրներին ու թերացումներին: Այս համակարգի ներդրման նպատակը ոչ թե դատավորների նկատմամբ հսկողություն սահմանելն է, այլ նրանց ազատելը սոցիալական տարբեր, ոչ հաճելի ճնշումներից, ինչպես նաև բացահայտելով առաջացած խնդիրներն առաջարկել արագ և գործուն լուծումներ: Յուրաքանչյուր նստավայրում դատավորն ինքը Հայաստանի Հանրապետության անունից է արդարադատություն իրականացնում, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է»,- նշել է Գագիկ Հարությունյանը ՝ հավելելով, որ ԲԴԽ-ն բաց է նաև դատավորների կողմից ցանկացած խնդիր լսելու, քննարկելու համար:
Անդրադառնալով վերջին շրջանում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շեշտել է, որ խորհուրդը հետևողական է ցանկացած արատավոր երևույթ կանխելու հարցում:
«Նշվում են փաստեր, որոնք կարող են ընդհուպ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ: Այդպիսի փաստերը չի կարելի անտարբերության մատնել, և Բարձրագույն դատական խորհուրդը դրանց վրա կհրավիրի իրավապահ մարմինների ուշադրությունը: Եթե դա սուտ է, այն տարածողը պետք է պատասխան տա, եթե այն իրականության հետ աղերսներ ունի, պետք է պատասխան տա դատավորը»,- ավելացրել է Գագիկ Հարությունյանը՝ եզրափակելով, որ չկա իշխանության մի մարմին, մի սուբյեկտ, որն այդքան ինքնուրույնություն ունենա, որքան դատավորը, ով առանձին է հանդես գալիս պետության անունից:
Նշենք, որ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-13-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 8-ի ՆՀ-336-Ա հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ նախագահի ՆՀ-337-Ա հրամանագրով և ԲԴԽ-13-Ո-21 որոշմամբ ներկայացված առաջարկության վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: