Կառավարությունները փոխվում են, անկախ հետազոտողները՝ ոչ. ամերիկացի տնտեսագետը կոչ է անում բաց լինել քննադատությունների առջև

Ամերիկացի տնտեսագետ, Նյու Յորքի Հանթեր քոլեջի պրոֆեսոր Ռենդալ Ֆիլերը կոչ է անում Հայաստանի կառավարությանը բաց լինել քննադատության առջև և նպաստել սեփական տեսակետից տարբեր կարծիքների գոյությունը: Այս մասին նա խոսեց Հայաստանի ամերիկյան համալսարանում տնտեսական քաղաքականության հարցերի շուրջ կլոր սեղան-քննարկման ժամանակ: Ամերիկացի տնտեսագետի խոսքով՝ դրսի մարդկանց համար դժվար է մտածել որևէ երկրի քաղաքականության մասին, և ինքը գաղափար չունի՝ Հայաստանն ինչ պետք է անի, բայց կարող է տալ խորհուրդներ, որոնք ընդհանուր մոտեցումներ են: Ինչպես նշեց տնտեսագետը, մրցակցությունը միշտ լավ է, այն օգտակար է նաև գաղափարների շուկայում: «Բացի այդ՝ երկրներին անհրաժեշտ են անկախ վերլուծական կենտրոններ՝ think tank-ներ: Կառավարությունները փոխվում են, բայց հետազոտողները չեն փոխվում: Նրանք ի վիճակ են կառավարողներին ասել ճշմարտությունը»,-շեշտեց ամերիկացի պրոֆեսորը:

Նրա դիտարկմամբ՝ միշտ կա վտանգ, որ այս վերլուծական ինստիտուտները կարող են սերտաճել քաղաքական կուսակցություններին, բայց պետք է խուսափել նման իրավիճակից, եթե կառավարությունն իսկապես ակնկալում են զարգացում: «Ինտելեկտուալ կապիտալն ավելի կարևոր է, քան ֆիզիկական կապիտալը; Սովորեք նրանցից, ովքեր արդեն գնացել են: Եղեք համառ, բայց պոզիտիվ: Մի վատնեք ձեր կամքը, լսեք բոլոր կողմերին: Երբեք մի հիասթափվեք, աչքը պահեք ձեր նպատակների վրա»,-եզրափակեց Ռենդալ Ֆիլերը:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը և այլք: Տեսակամրջով միջոցառմանը միացավ նաև հայտնի հայազգի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս