Մեր ու համաշխարհային IQ-ն՝ որպես միջավայր
Օրվա լրահոսն անսպասելի էր: Անակնկալները վերջին շաբաթների լրահոսում եզակի չեն: Բայց այս անգամ երկու առերևույթ տարբեր ու միմյանց հետ չկապվող լուրեր հայտնվեցին քով քովի: Մեկը տեղական լուր էր: Մյուսը` արտերկրից էր: Նորվեգացի գիտնականները պարզել են, որ մարդկության IQ-ն աստիճանաբար նվազում է: Մարդկության ընդհանուր IQ-ի աճի մասին 1984թ. առաջինը հրապարակել էր ամերիկյան ծագմամբ նորզելանդացի փիլիսոփա Ջեյմս Ռոբերտ Ֆիլինը:
«Ֆիլինի էֆեկտ»՝ այդպես է կոչվում մարդկության հավաքական IQ-ի աճը բացատրող երևույթը: Ֆիլինը 1932-78թթ. կատարած հետազոտությունների արդյունքում պարզել էր, որ 45 տարվա ընթացքում մարդկության IQ-ն աճել էր 15 կետով: Երեք կետ աճ` յուրաքանչյուր տասնամյակի համար համարվեց մարդկության իմաստնանալու գործակից: Սակայն նույն այդ ընթացքում` 1952-82թթ., Հոլանդիայում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ինտելեկտուալ աճի տեմպը սկսել է դանդաղել: 30 տարվա մեջ ենթադրվող 30 կետի փոխարեն՝ աճն ընդամենը կազմել էր 20 կետ: Այն, որ մարդկային ընդհանուր «ինտելեկտուալությունը» գցել է աճի տեմպը՝ հնարավոր է, որ վիրավորական էր, բայց ոչ՝ հուսահատեցնող:
Սակայն նորվեգացիները հրապարակեցին 1970-2009թթ. IQ-ի թեստավորման իրենց արդյունքները: Այս տարիների ընթացքում 730 հազար մարդ է անցել թեստավորումը: Այսինքն՝ գիտնականները պահպանել են մի կողմից՝ նախորդ հայտնի ուսումնասիրությունների ժամանակային երկարատև ցիկլը: Մյուս կողմից՝ նրանք անհրաժեշտ քանակությամբ թեստավորում են անցկացրել` հնարավոր շեղում-սխալները բացառելու նպատակով:
Եվ ահա հրապարակված արդյունքների համաձայն՝ 30 տարում IQ-ի աճի փոխարեն՝ նվազում է արձանագրվել` 7 կետի չափով: Այսինքն՝ 1970 թվականից մինչև 2009թթ. մարդկությունը 12 կետով խելոքանալու փոխարեն՝ «դմբոյացել է» 7 կետով: («Դմբոյացել է» արտահայտությունն ինձ հնարավորություն տվեց խուսափել «տկարացել է մտոք» համարյա գրաբար, բայց հասկանալի արտահայտությունից):
«Նկատելի է՞ արդյոք մարդկության դմբոյացումը նաև Հայաստանում» հարցն ինքնին ո՛չ հռետորական է, ո՛չ փիլիսոփայական: Դա անգամ դավանաբանական առումով ակնհայտ կդառնա, երբ ներկայացնեմ տեղական լրատվության օրինակը:
Չորս տղամարդ, մեկը` կրոնազգեստ մորուքավոր, մյուսները` «անթրաշ», ասուլիս էին տալիս: Դատելով վերջին շաբաթների լրատվությունից՝ այն խումբն է, որ Հայ եկեղեցու դեմ միտինգ-քայլարշավներ է անցկացնում: Մեծ-մեծ բաներից էին խոսում` Աստծո անունից ուրիշների հավատքն էին չափում ու կշռում: Չափ ու կշեռքի նորօրյա հավատաքննիչների խումբն ինքնին զավեշտալի տեսք ուներ: Եթե, իհարկե, մոռանայինք, որ անգամ «լուսավորյալ» Միջնադարում մեր եկեղեցում հավատաքննիչների ինստիտուտ չի գործել:
Մարդիկ վստահ էին, որ իրենք կարևոր ու լուրջ գործի վրա են: Եվ որպես իրենց լրջության փաստարկ՝ ասացին, որ Մայր Աթոռում իրենց պատճառով արդեն երկու անգամ եպիսկոպոսաց հավաք է գումարվել: Ասացին ու կրկին խոստացան, որ շուտով կհրապարակեն իրենց աջակից եպիսկոպոսների ցանկը:
«Էլի շուտով»,- արձագանքեց ասուլիսին ներկա երկու հեռուստաընկերություններից մեկի լրագրողն ու խոսափող-տեսախցիկ հավաքելով՝ գործընկերոջ հետ հեռացավ դահլիճից:
Ասուլիս տվողներն անհողդոդ շարունակեցին խոսել: Կրոնազգեստ մորուսավորը օգտագործեց «այսպես կոչված՝ Մայր Աթոռ» և «այսպես կոչված՝ քահանա» արտահայտությունները: Փորձեցի համացանցում գտնել սույն անձի տեսանյութերը: Գտա: Մեկում մորուսավորը Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ Հայրապետներին КГБ-ական էր համարում ու պնդում էր, որ մեր եկեղեցու բոլոր կաթողիկոսներին վերջին 200 տարում KГБ-ն է նշանակել:
Հասկացա, որ մարդը պատմության ընկալման բարդություններ ունի: Ընդ որում` բավական ինքնատիպ բարդություններ: (Նկատեցիք՝ ինչ նրբանկատ շրջանցեցի IQ-ի թեման): Հետո տեսա, որ սույն մարդը Գարեգին Բ կաթողիկոսից նեղացած լինելու փաստարկ բերում է այն, որ հայրապետը տարիներ առաջ նրան (իր իսկ բառերով) «տերտերության է ուղարկել Մրգաշատ գյուղ»: Մինչդեռ ինքն «աղոթական կյանքով է ապրում, կուսակրոն է և տերտեր չէ»:
Ասածից կարելի էր ենթադրել, որ սույն անձն աբեղա է: Չեմ հավատա, որ վարդապետ մարդն այդքան պրիմիտիվ լիներ: Մեկ այլ տեսանյութում պնդում էր, որ ներկա կաթողիկոսն ամուսնական կյանքով է ապրում: Որոշեցի մտնել սույն ասուլիսը տվող ուժի ֆեյսբուքյան էջ: Այն, որ այնտեղ փող հավաքելու կոչ կար՝ չզարմացրեց: Փանջունու բոլոր նամակներն էին ավարտվում մի քիչ փող ուզել-խնդրանքով: Զարմանալին այն էր, որ մարդիկ իրենց կայք-էջում ասուլիսից հետո Հրավեր-հայտարարություն էին տեղադրել: Խնդրում էին, «ովքեր կարող են վկայություն տալ այն մասին, որ ներկայիս կաթողիկոսն ամուսնական կապ և զավակներ ունի՝ կապ հաստատել» իրենց հետ: Պարզ է` մարդիկ նախ՝ մեղադրում, ապա նոր՝ ապացույց են փնտրում:
Իսկ Դուք հարցնում եք՝ «Ի՞նչ կապ ունի IQ-ն»:
Ասեմ, հավաքական ինտելեկտի նվազումն ամենևին էլ չի նշանակում, որ ինտելեկտը նվազում է տարբեր երկրների Գիտությունների ակադեմիաներում: Ինտելեկտը նվազում է առանձին վերցրած սուբյեկտների մոտ: Այդ նրանց պատճառով է անկում ապրում IQ-ի միջին ցուցանիշն ու պղտորվում միջավայրը: Դա ես չէ` նորվեգացի գիտնականներն են ասում` տասնամյակների հետազոտության արդյունքում: