«Բա ամենամեծ բարեգործին չկանչե՞ն, ասեն` էս ոլորտում դու ես, մի հատ արի, քննարկենք, տեսնենք». Միքայել Մելքումյան
Ապրիլի սկզբին նախկին կառավարությունը փոփոխեց «Բարեգործության մասին» օրենքը` որպես նպատակ սահմանելով բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները նոր Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելը:
Ըստ այդմ` սահմանվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որի կազմը և կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Հանձնաժողովը պետք է որոշեր, թե բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերից որո՞նք են բարեգործական, որո՞նք կարող են որակվել՝ որպես հարկային արտոնություններ ստացող, նաև որոշեր բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների շրջանակը:
ՀՀԿ-ի նախաձեռնած այս նորամուծությունը նոր կառավարությունը ներառել է ԱԺ հունիսի 19-ի արտահերթ նիստի օրակարգում:
Խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մեծ աղմուկ բարձրացրին այս փոփոխությունների կապակցությամբ՝ հայտարարելով, որ նոր կառավարության ներկայացրած այս օրենքի թիրախում անձամբ Գագիկ Ծառուկյանն է:
Թեմայի շուրջ «168 Ժամը» զրուցեց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:
– Պարոն Մելքումյան, ի՞նչն է խնդրահարույց օրենքում, և ինչո՞ւ եք մտածում, որ այն հենց պարոն Ծառուկյանի դեմ է ուղղված:
– Ոչ, մենք որևէ անձնավորված «դեմի» կամ «կողմի» հարց չենք քննարկում, որևէ անձնավորված խնդիր մենք չենք տեսնում: Մենք գտնում ենք, որ նախ և առաջ, ցանկացած ոլորտի կարգավորում առաջարկելիս՝ ցանկալի է, որ այդ ոլորտի մասնակիցների հետ քննարկեն, այն էլ` խոշորագույն: Ինչո՞ւ ես նշեցի պարոն Ծառուկյանի մասին: Որովհետև մոտ 90% և ավելի բարեգործությունները պարոն Ծառուկյանն է իրականացնում, պետք է քննարկել ուղղակի: Սա` մեկ:
Երկրորդ` մենք արձանագրում ենք, որ սա նախորդ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ է, նոր կառավարության կողմից չի քննարկվել, կառավարության նիստում, մեխանիկորեն եկել է խորհրդարան, ուղղակի արտահերթ ռեժիմն ընդունելի չէ, մենք քննարկում ենք, որ արտահերթ ռեժիմով դրա ժամանակը չէ:
Եվ երրորդ` ընդհանրապես աղքատ երկրում, որտեղ պետությունը չի կարողանում շատ սոցիալական խնդիրներ լուծել, ուրեմն եթե մեկ անձնավորություն` ֆիզիկական, թե իրավաբանական անձ, բազմապրոֆիլ, միայն մի ոլորտում չէ բարեգործություն անում, այսինքն` ուսանողներ, սպորտ, խաղողի մթերումներ, բուժանյութեր, թունաքիմիկատներ, մտավորականություն, Գյումրիի հետ կապված խնդիրներ, սահմանամերձ գոտների հետ կապված խնդիրներ, երբ դա մշտական է կատարվում, չէ՞ որ 1-2 տարի չի, 20 տարուց ավելի է, այդ հիմնադրամն անընդհատ գործել է, և դա որևէ ընտրական գործընթացի հետ որևէ կապ չունի:
Այսինքն` մենք ասում ենք, որ պատեհ չէ այս փուլը, պետք է քննարկել, հասկանալ՝ ինչ ձևով ընդունել կամ չընդունել, որպեսզի ընդհանուր կոմպրոմիսային դաշտում լինի:
– Մեղադրանքներ կային, որ բարեգործության անվան տակ նաև Հանրապետականն էր ընտրությունների ժամանակ գազի և էլեկտրաէներգիայի կտրոններ բաժանում, ինչո՞ւ եք հենց Ծառուկյանի անունը շեշետում:
– Մենք, ինչպես ասացի, որևէ անձնավորված խնդիր չենք տեսնում, մենք ուզում ենք, որ գործընթացները ճիշտ լինեն: Դա 1000, 2000, 3000 մարդ չի, դա տասնյակ- հազարավոր մարդիկ անընդհատ օգտվում են: Ընտրությունները 5 տարին մեկ անգամ է, բայց այդ պրոցեսները տարին մի քանի անգամ են լինում, ընտրությունների հետ որևէ կապ չունեն: Այսինքն` հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է, պետք է թույլ տալ աշխատել: Ես նայել եմ այլ երկրների փորձը, այս տիպի երկրներում, որտեղ դեռ կայացած չէ սոցիալական ոլորտը, 30% աղքատություն է, պետք է թողնենք, որ գոնե մասնավորը, եթե բարեգործություն է անում, նրան հարգենք:
Փոխանակ հարգենք, ասենք` շատ-շատ շնորհակալ ենք այդ բեռը կրելու համար… Նույն Ծառուկյանն անընդհատ նշել է, որ բարեգործությունը պետությունը պետք է անի, հիմա ի՞նչ անենք, ինքը չանի՞, տանենք էնտեղ մի չինովնիկ նստած ասի` սա բարեգործություն է, թե ո՞չ: Դա ճի՞շտ է: Այսինքն` ինչի՞ ենք մենք գնում, ի՞նչ է կատարվել: Տասնյակ-հազարավոր մարդիկ օգտվել են, թողեք շարունակեն օգտվել: Նախընտրական փուլում նման բան չկա, օրենքով էլ է արգելվում:
Բերեք այդ գազի, էլեկտրաէներգիայի կտրոններ բաժանելը չնույնականացնենք Ծառուկյանի կողմից իրականացվող բարեգործության հետ:
– Բայց նույն կերպ թեկուզ այդ 5 տարիների ընթացքում իրականացված «բարեգործություն» կոչվածի դիմաց մարդիկ «վճարում» են ընտրությունների օրը քվեախցում:
– Չէ, բայց ո՞վ է պարտադրում: Ծառուկյանը որևէ բան արե՞լ է, որ կուսակցական պատկանելություն լինի, բարեգործություն անելիս հարցնո՞ւմ է` դու իմ ընտրո՞ղն ես, կամ կուսակցակա՞ն ես, թե՞ չէ: Համատարած բարեգործություն է անում, համատարած: Էդ ամենը, փառք Աստծո, կատարվում է հրապարակային:
– Անցած տարի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ տեսնում էինք, որ մարզերում հանդիպումների ժամանակ մարդիկ ծրարներ ու խնդրանքներ էին փոխանցում Ծառուկյանին, և նա խոստանում էր հաշված օրերի, անգամ ժամերի ընթացքում օգնություն տրամադրել։ ԿԸՀ-ն էլ հայտարարեց, որ Ծառուկյանը խախտել է օրենքը։
– Ոչ, խնդրանքն այլ բան է, խնդրանքը կարող է խնդրեն, բայց դա չի նշանակում, որ նախընտրական փուլում դա կատարվեց: Վերջին ընտրություններում այդ ամեն ինչը շատ լավ արձանագրվել է: Այնպես որ՝ մենք դեմ չենք, որ կանոնակարգվի, մենք դեմ ենք այս ձևին, որ այս փուլում, այս պահին ժամանակավրեպ բերենք՝ արտահերթով և առանց քննարկելու առաջ շարժվենք: Օրինակ, երբ ՓՄՁ ոլորտի խնդիրներն ենք կարգավորում, քանի՞ անգամ են ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը կանչում ՓՄՁ-ներին, ասում` քննարկում ենք, ինչ կարծիքի եք: Բա ամենամեծ բարեգործին չկանչե՞ն, ասեն` էս ոլորտում դու ես, մի հատ արի, քննարկենք, տեսնենք՝ ինչ է պետք անել:
– Նոր կառավարությունն ընդունե՞լ է ձեր ահազանգը, փոփոխություն կլինի՞, արձագանքներ ունե՞ք:
– ԱԺ հայտարարությունների ժամին ես և իմ գործընկերները հայտարարությամբ հանդես ենք եկել, կարծում եմ` արձագանք կլինի:
– Խնդրի մյուս կողմն էլ կա, որ բարեգործությունն օգնում է խուսափել հարկերից:
– Բացարձակ: Այն, ինչ արվում է, Ծառուկյանի մասով հարկերի որևէ նվազեցում չկա: Դուք գիտեք, որ ինքը տարբեր ոլորտներում, որտեղ բաժնետեր է, տարբեր տեղերում նույնիսկ վարձերը չի վերցնում, և այլն: Այսինքն` այն, ինչ կատարվում է Ծառուկյանի կողմից բոլորի աչքի առաջ, հրապարակայնորեն, դուք տեսնում եք, որ հօգուտ միայն ժողովրդի է, որովհետև ինքը միայն սոցիալական խնդիր է լուծում, Արմավիրում կարկուտների ժամանակ քանի՞ միլիոն դոլարի զիջումներ արեց` բուժանյութի, սերմացուի և այլնի համար: Դա ակնհայտ է: