
«Կամք էլ կա, վճռականություն էլ կա, կհեռանանք». Արծվիկ Մինասյանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ:
«Փորձում եք ինտրիգ փնտրել, չկա այդպիսի բան: Այնքան ժամանակ, քանի դեռ այս կառավարությունը բաց, հրապարակային և հարցերը շեշտադրած աշխատում է, աշխատելու ենք: Երբ որ կզգանք, որ այլևս անհնար է շարունակելը, համոզված եղեք: Ես տրամադրված եմ վճռական, որովհետև տնտեսական, հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում հսկայական անելիքներ կան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Մինասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հետ շփվելու ոճն Ա.Մինասյանը գնահատում է՝ որպես «աշխատանքային քննարկման մակարդակում ձև». «Կարծում եմ՝ դա աստիճանաբար կշտկվի: Ես չեմ համարում, որ տեղի է ունեցել մի անհաղթահարելի բան: Հակառակը, կային սուր գործողություններ թե՛ իմ, թե՛ վարչապետի կողմից»: Ա.Մինասյանն ափսոսանք հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանի հրաժարականի առիթով: Նա չբացառեց, որ, եթե պարտադիրի հետ խնդիրները չշտկվեն, ինքն էլ հրաժարական կտա:
«Կամք էլ կա, վճռականություն էլ կա, կհեռանանք»,- ասաց Արծվիկ Մինասյանը: