«Պետք է այնպես անել, որ պարտադիր բաղադրիչը հանվի». Արմեն Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո կարող է հրաժարական տալ նաև ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը, որը պարտադիր կուտակային համակարգի ներդրման պատճառով կառավարության արտահերթ նիստում թեժ բանավեճի էր բռնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մանե Թանդիլյանը հենց այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր, որը, ճիշտն ասած, մենք էլ էինք պաշտպանում»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Ըստ նրա` պարտադիրի հարցը սկզբունքային է և պետք է այս կամ այն կերպ լուծվի:

Ա.Ռուստամյանի կարծիքով` պետք է ֆիքսվի, որ այս հարցը պետք է սահմանադրական նորմերի մեջ տեղավորվի և լուծվի: «Քանի մի տոկոս էլ մնա պարտադիր բաղադրիչի, մենք համարելու ենք, որ հարցը չի լուծվել»,- ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանն ընդգծեց, որ քննարկման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այս հարցը օրակարգից չի վերանում. «Մենք պետք է գնանք դեպի այն, որ պարտադիր բաղադրիչը հանվի։ Դա է խնդիրը»:

Տեսանյութեր

Լրահոս