«Կա՛մ վախեցնում են, կա՛մ չգիտեմ՝ ինչ-ինչ նենգ նպատակներ ունեն». Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական ստորաբաժանումների տեղաշարժման մասին
«Որոշ մարդիկ փորձում են անընդհատ շահարկումների ենթարկել, թե գիտեք՝ նման բան չկա, փորձում են ներքաղաքական իրավիճակից ուշադրությունը շեղել… Նախ և առաջ՝ Արցախում իրավիճակը կատարյալ հանգիստ է, որևէ սոցիալական կամ հասարական բախում տեղի չի ունենում, 1-2 հոգի փորձում են ինչ-որ բաներ անել, չի ստացվում, ապարդյուն է և չի էլ ստացվելու։
Հասարակական վիճակը շատ-շատ կայուն է, միայն մեկ վատ բան կա՝ այս պահին շատ ուժեղ անձրև է գալիս։ Հետևաբար՝ մենք ներքին քաղաքական որևէ հիմք չունենք ներքին շահարկումներ անելու»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Արցախում իրադրությունն ու իր հայտարարությունը, որ «այս պահին հակառակորդի ստորաբաժանումները կուտակված են սահմանի այն հատվածում, որտեղ իրավունք չունեին լինել»։
Դ.Բաբայանը սթափության կոչ արեց։ Նա ընդգծեց, որ մենք ունենք հակառակորդ, որը յուրաքանչյուր պահի սպասում է, որպեսզի մենք թուլանանք ներսից և սկսի ինչ-որ գործողություններ. «Նա հասկանում է, որ նյութական առումով գերազանցում է մեզ և մենք դժար թե կարողանանք նյութական առումով հասնենք նրան, բայց մենք միշտ ուժեղ ենք մեր ոգով, այսպես ասած, մեր դուխով։ Հիմա սա շատ մոդայիկ բառ է։ Եվ եթե դրանով տկարանանք, մենք պարտվում ենք։ Մենք մեր ոգու շնորհիվ հաղթանակ տոնեցինք Արցախյան առաջին պատերազմում և 2016 թ. ապրիլյան պատերազմում նրանց բոլոր նպատակները կործանեցինք։ Եվ հիմա սպասում են, որ եթե լինի բախում, ապա դրանից օգտվեն։ Ախր, չեն կարող չօգտվել»։
Ինչ վերաբերում է ստորաբաժանումներին, իհարկե, նշեց Դ.Բաբայանը, միշտ էլ սահմանի երկայնքով ստորաբաժանումներ կան, բայց վերջին 2 ամսվա ընթացքում նրանք այնտեղ ստորաբաժանումներ են բերել իրենց երկրի խորքից, որոնք երբեք այդտեղ մշտական ձևով տեղակայված չէին։ Ըստ նրա՝ եղել էին դեպքեր, երբ բերել էին ստորաբաժանումներ, բայց 1-2 օրից տարել տեղակայման վայր. «Բայց արդեն 2 ամիս է՝ այս ստորաբաժանումները չեն տանում։ Սա փաստ է։ Եվ նրանք սոցիալական կայքերով հիբրիդային պատերազմի միջոցով փորձում են հայկական կեղծանուններով գրել, թե դա սուտ է, չկա նման բան։ Մենք, իհարկե, այդ սոցիալական կայքերն ամեն օր նայում ենք, բայց պաշտպանության բանակը դրանով չի առաջնորդվում։ Պաշտպանության բանակն անում է առավելագույնը, որպեսզի հնարավոր բոլոր վտանգները չեզոքացվեն։ Եվ այս պահի դրությամբ, ինչպես և նախկինում պաշտպանության բանակն իր ձեռքերում է պահում ռազմավարական նախաձեռնողականությունը»։
Դ.Բաբայանի խոսքով՝ այդ ստորաբաժանումները բավականին մոտ են, օպերատիվ խորության մեջ են, այդ դիրքերում չպետք է լինեին. «Սա ցույց է տալիս, որ կա՛մ վախեցնում են, կա՛մ չգիտեմ՝ ինչ-ինչ նենգ նպատակներ ունեն։ Բայց նրանց նենգ նպատակների իրականացումը, կրկնում եմ, կախված է մեզանից։ Եթե համախմբված չլինենք, խնդիրներ լինեն, մտածենք, որ ֆաշիստական գաղափարախոսություն կրող երկիրը կհրաժարվի իր հանցավոր մտքերից, դա պարզապես անհեթեթություն է, ավելին՝ դավաճանություն է»։